Մարդն ուզեց ճանաչել իրեն և ստեղծեց թատրոնը. մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է
Ինչպես ասում են՝ թատրոնն ամենաազդեցիկ միջոցներից է, որով կարելի է դաստիարակել, բարեկրթել, ազնվացնել մարդուն:
Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Գագիկ Մադոյանի և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Էրվին Ամիրյանի հետ:
Ըստ Մադոյանի՝ թատրոնը հրաշք է, որի առեղծվածը մինչև վերջ բացահայտված չէ: «Ինչպես ասում էր իմ ուսուցիչ Սոս Սարգսյանը, «Մարդն ուզեց ճանաչել իրեն և ստեղծեց թատրոնը»: Այսօր թատրոնը կրթում է, զվարճացնում, հուզում, ոգեշնչում և ամենակարևորը՝ ճաշակ զարգացնում»,-նշեց դերասանը:
Մադոյանի խոսքով՝ գոնե Համազգային թատրոնում կա մեծ առաջընթաց: Հանդիսատեսն է ավելացել, կոլեկտիվում ստեղծագործական ազատության մթնոլորտ է տիրում, ճաշակով ներկայացումների պակաս չկա: «Սրտանց շնորհավորում եմ իմ հերոս գործնկերներին: Փառք ու հաջողություն կյանքում և բեմում: Ցավում եմ, որ հետաձգվեց «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Այս անգամ այսպես ստացվեց այդ այլանդակի՝ կորոնավիրուսի (ծիծաղում է) պատճառով, բայց ոչինչ. մենք կհաղթենք»,-նշեց արտիստը՝ առողջություն մաղթելով մեր «մրսած հայրենակիցներին»:
Էրվին Ամիրյանը, որը թատերական ասպարեզում է 1997 թվականից, ասաց, որ թատրոնն իր մասնագիտությունն է ու կյանքը:
Դերասանը թատրոնի հիմնական գործառույթն է համարում հանրությանը գեղագիտական հաճույք պատճառելն ու հանդիսատեսին կատարսիսի հասցնելը: «Կարծիքներ կան, թե թատրոնը պետք է կրթի: Եթե անկեղծ լինենք, այնքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ: Հիշում եմ Հենրիկ Հովհաննիսյանի խոսքն այն մասին, որ թատրոնը կարող է կրթել միայն կրթված մարդուն: Թատրոնն ինձ համար կախարդական կապ է դերասանի և հանդիսատեսի միջև: Այն նաև հետաքրքիր է այնքանով, որ սինթետիկ արվեստ է: Դրամատուրգի, ռեժիսորի, դերասանի, կոմպոզիտորի, նկարչի և այլ մասնագետների համագործակցության արդյունքում է ծնվում ներկայացումը»,-նշեց նա:
Ամիրյանը խոստովանում է, որ այսօր թատրոնում աշխատելը բավականին բարդ է: «Ամբողջ կյանքում սովորում ես, նոր բաներ ես տեսնում, նոր ապրումներ ունենում, մշտապես լավ մարզավիճակում լինում: Թատրոնում երբեք չի կարող գալ մի շրջան, երբ կասես, թե ամեն ինչ գիտես, ամեն ինչ կարող ես անել, և դա հետաքրքիր է»,-ընդգծեց Էրվինը:
Անդրադառնալով թատերական զարգացումներին՝ դերասանն ասաց, որ նկատում է երիտասարդ ռեժիսորների, որոնք հետաքրքիր աշխատանքներ են ներկայացնում, երիտասարդ դերասանների, որոնց աչքերը փայլում են, որոնք աշխատելու մեծ ցանկություն ունեն: «Իհարկե, փոխվում են պահանջները: Թատրոններում էքսպերիմենտներ են լինում, ինչը շատ բնական է: Ի վերջո, ժամանակի ընթացքում մնում է այն, ինչն արժեքավոր է: Թատրոնը կա, եղել է և կլինի»,-եզրափակեց նա:
Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
Համաձայն կանոնադրության՝ այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:
Անժելա Համբարձումյան