ԱԺ աշխատակիցը` մենակատար, Գեղարքունիքի մարզպետը` երկրորդ ձայն
Կորոնավիրուսային արհավիրքի այս դժնդակ օրերին, երբ ողջ ժողովուրդը խոսում ու մտածում է միայն այս աղետից հնարավորինս փոքր կորուստներով դուրս գալու մասին, երբ թվում էր, թե տարբեր տրամաչափի պաշտոնյաների միակ մտածմունքը պետք է այս օրերին լիներ միայն դա, պարզվում է, որ նրանցից շատերը կամ ոմանք ժամանակ, սիրտ ու հավես ունեն սև-սպիտակ, հին ու նոր դնել-վերցնելու համար։ Չեն խորշում նույնիսկ հրապարակային հայհոյախառն արտահայտություններից։ Այսպես, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվ մի գործիչ, ով ըստ տեղեկությունների, աշխատում է Ազգային ժողովում, ու հասկանալի չէ, թե ինչ է անում, այսօր իր ֆեյսբուքյան էջում մի քանի գրառումներ է կատարել, որոնցում իր ապականված մտքի ողջ փայլատակումն է արտացոլված։
Գրառումներից մեկում Հրաչյա Հարությունյան կոչված անձը գրել էր. «Պատկերացնում եք չէ՞, ինչ կլիներ Հայաստանում, եթե իշխանության մնային պոռնիկներն ու իրենց դդում վասալները»։ Իհարկե, ֆանտաստիկ բառապաշար է, բայց երևի թե վերջինիս մտավոր ունակությունները չեն ներել ներկայացնել, թե օրինակ, ի՞նչ կլիներ այդ դեպքում։ Դա չի պատկերացնում նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով այդ գրառման տակ գրել էր, որ ամեն Աստծո օր դա է մտածում։ Օրինակ, մարզպետ Սանոսյանը երևի շատ ժամանակ ունի, քանի որ կորոնավիրուսը դեռ իր մարզ չի ներթափանցել, ու նստել -մեկնաբանում է հայհոյախառն, շրիշակի մակարդակից էլ ցածր գրառումը։ Կարող էր ամեն Աստծո օր մտածելու փոխարեն գրառման հեղինակին հարց տալ, թե ի՞նչ կլիներ։ Գուցե պատասխաներ։ Իսկ Գնել Սանոսյանը երևի թե ճիշտ կանի հետևի վարչապետի խորհրդին ու իր ազատ ժամանակը օգտագործի ինքնակրթվելու համար։ Հաստատ ավելորդ չի լինի։ Իսկ Հրաչյա Հարությունյան կոչեցյալն իր ֆեյսբուքյան էջն ապաակտիվացրել է…. Հավանաբար շատ են եղել իր հասցեին հղված «հիացական» խոսքերը։
Իշխանության ներկայացուցիչներն էին, չէ՞, բարոյախրատական դասեր տալիս ազգային համերաշխության թեմաներով…
Հասմիկ Սարգսյան