«Ժողովուրդն արդեն հոգնել է սպասելուց, հիմա էլ գումարի խնդիր կա, տեսնենք՝ ով ինչքան կարող է վճարել»․ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները ելք են փնտրում
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով:
Քաղաքացիները մարտի 21-ին դիմել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն ընդհանուր հայտարարի չէին եկել ու ստիպված դիմել էին Վրաստանի դեսպանատուն, որ օգնեն իրենց։
Վարդան Պալյանը, ով Հայաստան է ժամանել բուժվելու նպատակով, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հարցը կարծես թե լուծվում է։
«Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով ենք բոլորս, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով»,- ասաց Վարդան Պալյանը։
Իսկ թե ի՞նչ է լինելու դեռևս Հայաստանում գտնվողների հետ՝ այդ հարցի պատասխանն էլ մի փոքր բարդ է, բայց փորձում են լուծել․ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունն օգնում է, որ ժողովուրդը սահմանն անցնի։
«Ժողովուրդն արդեն հոգնել է սպասելուց, հիմա էլ գումարի խնդիր կա, տեսնենք՝ ով ինչքան կարող է վճարել․ գումար պետք է տանք, որ մեր մեքենաները ավտոքարշակների միջոցով հասցնեն Վերին Լարս, իսկ մեզ ավտոբուսով տանեն։ Միայն մեքենաները տեղափոխելու համար մարդկանց 200 դոլարից ավելի գումար է անհրաժեշտ։ Մեքենա տեղափոխելու համար, օրինակ՝ ավտոքարշակի վարորդը 1800 դոլար է պահանջում, և այդ գումարը բաժանվում է մարդկանց միջև, որպեսզի վճարեն»,- մանրամասնեց Վարդան Պալյանը։