«Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին»․ Հարլեմ Դեզիրը՝ ՀՀ Կառավարության մտցրած մամուլի սահմանափակումների մասին
«Զանգվածային լրատվամիջոցները որոշիչ դեր են խաղում հանրությանը կարևոր տեղեկատվություն հաղորդելու և համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերին հակազդելու հարցում: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողական աշխատանքին և նրանց՝ համաճարակի մասին տեղեկատվություն հաղորդելու կարողությանը»,- այս մասին նախօրեին նշել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը՝ իր մտահոգությունը հայտնելով COVID-19 կորոնավիրուսային համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ։ Հարլեմ Դեզիրի հայտարարությունն այս հարցով տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում։
ԵԱՀԿ պաշտոնյան նախ տեղեկացնում է, թե ինչ միջոցներ է որոշել կիրառել ՀՀ կառավարությունը՝ շեշտելով, որ արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (որն իր մեջ ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք հնացած սահմանումով չեն համարվում լրատվամիջոց), կարող է հրապարակել տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին՝ օգտվելով միայն պաշտոնական աղբյուրներից։
Ըստ Դեզիրի՝ ՀՀ Կառավարությունն իր այդ որոշումը հիմնավորում է, որ դա անհրաժեշտ է՝ կորոնավիրուսով վարակված անձանց նկատմամբ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապի առաջացումից խուսափելու համար, սակայն լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այդ որոշումը՝ նշելով, որ չկա հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել։
«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել ապատեղեկատվության դեմ։
Միաժամանակ, ԶԼՄ-ները որոշիչ դեր են խաղում հանրությանը կարևոր տեղեկատվություն հաղորդելու և համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերին հակազդելու հարցում,- ասել է Դեզիրը՝ շարունակելով,- Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողական աշխատանքին և նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը»։
ԵԱՀԿ ներկայացուցչի հայտարարության մեջ նաև նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300.000 դրամ (մոտ 600 դոլար), իսկ 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):
Դեզիրը նաև հղում է կատարել նախորդ շաբաթ իր, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի, Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությանը, որում նշվում էր․ «Մարդու առողջությունը կախված է ոչ միայն հասանելի բուժօգնությունից, այլ նաև ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից, որը ներառում է սպառնալիքի բնույթի, այդ սպառնալիքից քեզ, քո ընտանիքի անդամներին և հասարակությանը պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվությունը»։
Ներկայացուցիչներն ու երկու հատուկ զեկուցողները նշել էին նաև. «Տեղեկատվության հասանելիության իրավունքը ենթադրում է, որ Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի լրագրողական գործունեությունը պաշտպանելու համար։ Լրագրությունն էական գործառույթ է իրականացնում ներկայիս հանրային առողջապահական իրավիճակում»։