
Հ1-ին գովազդ հեռարձակելու իրավունք տալով՝ որոշակի դժվարություններ կառաջանան մասնավոր հեռուստաընկերությունների համար. Վահագն Թևոսյան

Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունք տալով կամ այն վերադարձնելու մասին օրենսդրական նախագիծն ունի ինչպես՝ դրական, այնպես էլ՝ ոչ այնքան դրական կողմեր:
Այսօր Ազգային ժողովում Կառավարության ներկայացրած Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինածի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:
«Այս նախագծի ոչ այնքան դրական կողմն այն է, որ Հ1-ին կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունք տալով՝ կարող են որոշակի դժվարություններ առաջանալ մասնավոր հեռուստաընկերությունների համար՝ գովազդ հայթայթելու հարցով, մանավանդ՝ նոր տնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում, որին շատ ադեկվատ է արձագանքում գովազդային միջավայրը: Դրական կողմը, որքան էլ դա պարադոքսալ թվա, դարձյալ միտված է մասնավոր հեռուստաընկերությունների դիրքերի ամրապնդմանը»,- ասաց Թևոսյանը՝ նշելով, որ այսօր մենք ունենք մի իրողություն, որ ձևավորվել է մի բիզնես իմպերիա, որը մենաշնորհել է այդ դաշտը և միանձնյա տնօրինում է ամբողջ գովազդային շուկան:
«Հ1-ին գովազդի իրավունք տալով՝ մենք կարող ենք նպաստել առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, որը կբացառի մի ընկերության կողմից գնագոյացման հետ կապված միանձնյա որոշումները»,- ասաց Թևոսյանը՝ ընդգծելով, որ նախագծի վերաբերյալ որոշակի առաջարկություններ կներկայացնի մինչև երկրորդ ընթերցում, որպեսզի այս ընթացքում մասնավոր հեռուստաընկերությունները չտուժեն:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի կարծիքով, սակայն, ներկայացվող օրինագիծը չի կարող նպաստել մասնավոր հեռուստաընկերությունների միջև մրցակցության բարձրացմանը, քանի որ այդ մրցակցությունը խախտվում է նրանով, որ մասնավորները պետությունից փող չեն ստանում, իսկ Հ1-ը ստանում է: