ԼՀԿ-ն առաջարկում է առանց ավագանու համաձայնության գույք նվեր չընդունել, «Իմ քայլը» դեմ է

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և համայնքի ավագանուն համայնքին նվիրաբերվող գույքի վերաբերյալ որոշում ընդունելու հնարավորություն տալ:

Նախագիծը խորհրդարանում ներկայացնող ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմամբ՝ այս փոփոխությամբ առաջարկվում է ավագանուն հնարավորություն տալ կառավարել հնարավոր ռիսկերը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է նախագիծը երկրորդ ընթեցմամբ  և ամբողջությամբ անցկացնելու մասին հարցը:

Սամսոնյանը նշեց, որ հանձնաժողովում այս նախագծի քննարկման ժամանակ առաջարկել են հետաձգել նախագծի քննարկումը, սակայն ինքը համաձայնություն չի տվել, որովհետև այս պահին էլ Երևան համայնքը շարունակում է ստանալ գույք, և այդ գործարքները մնում են անկառավարելի:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը կոչ արեց պատգամավորներին՝ դեմ քվեարկել այս օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնց հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, իսկ Անի Սամսոնյանն էլ չի համաձայնել երկու ամիս ժամկետով  հետաձգել նախագծի քննարկումը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ ուշադրություն հրավիրեց օրինագծով առաջարկված նվիրաբերություն և նվիրատվություն եզրույթների և դրանց մեկնաբանության վրա՝ հարցնելով՝ ո՞րն է դրանց տարբերությունը. «Հիմա եթե ես համայնքին միակողմանի գույք եմ նվիրաբերում մինչև այս օրենքն ընդունելը, դուք ի՞նչ եք անելու. Այսինքն, մինչև ես իմ գումարը փոխանցեմ, ավագանին ինչպե՞ս է որոշելու՝ ընդունի՞ իմ միակողմանի նվիրաբերությյունը, թե՞ ոչ: Կամ, եթե ես և մի այլ պատգամավոր որոշում ենք Երևան քաղաքին «Կամազ»-ներ նվիրել, դուք այս օրենքով որևէ բան չեք կարողանալու անել»,- ասաց  Բաղդասարյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի այս դիտարկման հետ, սակայն, համաձայն չէր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ես զարմանում եմ՝ առաջարկում են երկու ամսով հետաձգել նախագծի քննարկումը, բայց ես որևէ լուրջ պատճառաբանություն չլսեցի: Սա ավելի շատ նման է կապրիզի: Ինչո՞ւմ է խնդիրը, որ ավագանիով չանցնի նվիրատվությունը: Այն, ինչ դուք ասացիք, պարոն Բաղդասարյան, օրենքից չի բխում»,- ասաց Ս. Բագրատյանը:

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Հովհաննես Իգիթյանի համոզմամբ էլ՝ կոռուպցիան նվիրատվության մեջ չէ, այլ դրա դիմաց տրվող արտոնությունների:

«Եկեք այդտեղ գտնենք կոռուպցիայի դեմ պայքարը, այդ մրցույթային հանձնաժողովների մասում թող ավագանու ամբողջ ընդդիմադիր մասը լինի հենց այդ հատվածում»,- ասաց  Իգիթյանը՝ նշելով, որ այս օրենքը բոլոր նվիրատուներին տեսականորեն դիտարկոմ է կոռուպցիոն մեկ թիմի մեջ, ինչը սխալ է, հետևաբար՝ նախագիծն այս տեսքով ընդունելի չէ իր համար:

Իր եզրափակիչ ելույթի ժամանակ Անի Սամսոնյանն ասաց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը, թեև իրավականորեն ձևակերպված չի եղել, սակայն պրակտիկորեն գործել է, որովհետև երբ ինքը Երևանի ավագանու անդամ էր, տեսել է, որ նախապես ավագանին համաձայնություն է տվել առաջարկվող  նվիրատվություններին, որից հետո նոր համայնքի ղեկավարը կարողացել է գույքն ընդունել, հետևաբար՝ այն, ինչը չկար հիմա, սահմանվում է օրենքով, և կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին:

Օրենքի նախագծի քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Տեսանյութեր

Լրահոս