Ինչու «Երևան Սիթի»-ում մթերքի որոշ տեսակների գինը 1700-ից դարձավ 3500 դրամ. ՏՄՊՊՀ-ն կպարզի
Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ երկրում հաստատված մեկամսյա արտակարգ դրության պայմաններում ՏՄՊՊՀ-ում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:
Պատկան կառույցի ղեկավարի հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ գերշահույթ ստանալու ցանկությունը կզսպի խոշոր տնտեսվարողների ախորժակը, և նրանք կորոնավիրուսի պայմաններում արտակարգ դրության մեջ հայտնված Հայաստանում իրենց պատկանող առևտրի կետերում թույլ չեն տա գոնե գների բարձրացում:
Բայց արի ու տես, որ, չնայած ստեղծված խմբի շուրօրյա աշխատանքին, գների բարձրացում է արձանագրվել, օրինակ, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
Մասնավորպես՝ «Երևան Սիթի»-ում կոճապղպեղը (իմբիր), որը մինչև կորոնավիրուսի ՝ Հայաստան ներթափանցելը վաճառվում էր 1 կգ-ը 1600-1700 դրամով, այժմ արժե 3500 դրամ:
168.am-ը ՏՄՊՊՀ-ից փորձեց ճշտել՝ ինչո՞վ է պայմանավորված այս մթերքի՝ 1700-3500 դրամի գնագոյացման սալդոն, պարզե՞լ են իրենք՝ գինը բարձրացվել է օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառներով, և արդյո՞ք աշխատանքային խումբն այս մթերքի գնի կտրուկ տարբերությունն արձանագրել է իր դիտանցումների ժամանակ:
Մեր հարցերին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ 44 անուն առաջին անհրաժեշտության ապրանքի մասով այժմ իրականացնում են դիտանցումներ, որոնց պատասխանները կհրապարակվեն ավելի ուշ:
«Ինչ վերաբերում է կոճապղպեղի գնին, ապա այդ մթերքի հետ կապված ձեր տեղեկությունը կփոխանցվի մեր մասնագետներին, և նրանք նաև այդ մթերքի մասով տնտեսվարողի մոտ գների մոնիտորինգ կիրականացնեն»,- փոխանցեցին ՏՄՊՊՀ-ից: