Բաժիններ՝

ԶԼՄ-ների վերաբերյալ սահմանափակումների հարցում փոփոխություն է կատարվել

Այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում է «Քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Հիշեցնենք, որ այս նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ուրբաթ օրը, երբ ԱԺ-ն երեկոյան 20:40-ին հրատապ արտահերթ նիստ գումարեց:

Պատգամավորները պայմանավորվեցին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել պայմանով, որ մինչ երկրորդ ընթեցումը նախագծում կատարվեն մի շարք ձևակերպումների վերաբերյալ փոփոխություններ: Այսօր նախագիծն արդեն քննարկվում է լրամշակված տարբերակով:

Նախագիծը խորհրդարանականներին ներկայացնող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ կատարված փոփոխություններից մեկն, օրինակ, վերաբերում են արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների համար սահմանված արգելքներին:

«Մասնավորապես՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը ձևակերպումն ենք ավելացրել: Այսինքն՝ ԶԼՄ-ներ հասկացությունը փոխարինում ենք լրատվական գործունեություն իրականացնող  հասկացությամբ, որպեսզի ավելի լայն ընդգրկում լինի: Տեղեկացնեմ նաև, որ այս պահին Կառավարությունում քննարկվում է խոսքի ազատության սահմանափակման մասին դրվագով փոփոխություն կատարելու նախաձեռնություն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ վերը նշված խախտումը չվերացնելու դեպքում սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով:

Առաջինից երկրորդ ընթերցում հստակ սահմանվել են նաև արտակարգ դրության ժամանակ մեկուսացման, ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարժի վերաբերյալ այլ սահմանափակումները խախտելու մասին դրույթները և սահմանվել  է մեկուսացում և ինքնամեկուսացում եզրույթը:

«Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի, վարակակրի, նրա հետ շփված կոնտակտավորների առանձացումը որոշակի տարածքում այլ անձանց հետ շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի և վարակակրի, նրանց հետ շփված անձանց, կոնտակտավորների առանձնացումը իրենց մշտական բնակության վայրում կամ նախընտրությամբ այլ վայրում»,- ասաց  նախարարը՝ նշելով, որ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ կանոնների խախտումը, որը առաջացրել է այլ անձանց մոտ վարակ, նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1 տարի ժամկետով, կամ որոշակի գործունեությունից զրկելը՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս