
Արտակարգ դրությունը կարո՞ղ է դիտարկվել ֆորս-մաժոր. Էդմոն Մարուքյանը նախարար Բադասյանից պաշտոնական պատասխան է պահանջում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտակարգ դրության իրավական ռեժիմի վերաբերյալ լրատվամիջոցների համար նախատեսված սահմանափակումնրի մասին խոսելիս մեջբերեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» վերլուծությունն, ըստ որի, արտակարգ դրության պայմաններում գրաքննություն է մտցվել ուսումնասիրված 12 երկրից միայն երկուսում։
«Այդ 12 երկրից գրաքննություն է մտցվել միայն Հոնդուրասում և Ռումինայում: Գրաքննություն չի մտցվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում, Պորտուգալիայում»,- պատգամավորների համար երկրների ցանկը թվեց ԼԿՀ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ մամուլի հետ կապված սահմանափակումների հարցում պետք է որոշակիություն մտցնել, որ պարետատունն ինչն ուզի խուճապ չորակի:
Անդրադառնալով Արդարադատության նախարարի բացակայության մասին իր հարցին՝ Մարուքյանը շեշտեց, որ բազմաթիվ իրավական բնույթի հարցեր են կուտակվել, որոնց պետք է հենց նախարարը պատասխան տա:
«Այս հարցերից մեկը հետևյալն է՝ արդյո՞ք հայտարարված արտակարգ դրությունը կարող է համարվել ֆորս-մաժոր: Ինչու եմ սա ասում, որովհետև մարդիկ կան, որոնք սրճարան են վարձակալել, որ աշխատեցնեն, տերը հիմա գալիս վարձն է ուզում, վարձակալողը կարող է ասել՝ ֆորս-մաժոր է, դեռ մի ուզի մինչև տեսնենք, ինչ է լինում, կամ եթե ասի, սրճարանատերը, որը սրճարանը գնել է վարկով, կարող է բանկին նունն ասել, մարդիկ կարող են պետությունից աջակցություն ստանալ, թե ոչ: Այ էս հարցերն են, որ ամեն օր տնտեսական լուրջ խնդիրներ են առաջացնում: Այ էս մարդկանց համար պետք է լուծումներ գտնենք»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ փոխնախարար Վահե Դանիելյանից պահանջելով հարցի պատասխանը՝ արդյոք արտակարգ դրությունը կարող է պաշտոնապես համարվել ֆորս-մաժոր և որ դեպքերում:
Այն մարդիկ, ովքեր տանն են մնացել վարակի պատճառով, կարո՞ղ են պետությունից աջակցություն ստանալ, թե՞ ոչ։
Gepostet von Edmon Marukyan am Freitag, 20. März 2020