Եթե մամուլը կասկածում է տեղեկությունը հրապարակել, թե ոչ՝ կարող է խորհրդակցել պարետի հետ. փոխնախարար
Հայաստանում հաստատված արտակարգ դրության պայմաններում սահմանափակումներ և տուգանք է սահմանվում կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման համար:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետարքրքվեց՝ տեղեկատվության տարածման որ ձևն են իրենք դիտարկում որպես օրենքի խախտում:
Պատգամավորը հարցրեց՝ եթե համացանցում ինչ-որ օգտատեր տեղեկատվություն է դնում, ինչ-որ օգտատեր էլ տարածում է, հիմա ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու:
Ի պատասխան փոխնախարար Դանիելյանը նշեց, որ արգելված տեղեկատվության ցանկը սահմանված է Արտակարգ դրություն սահմանելու մասին կառավարության որոշման՝ 23-րդ կետում:
«Այդ ցանկի մեջ է մտնում, օրինակ, Կորոնավիրուսի առկա դեպքերի, վիրուսակիրների քանակի, թեսթավորման ենթարկվածների նաև մեկուսացվածների քանակի վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև խուճապի վտանգ պարունակող տեղեկությունը հրապարակելը»,- ասաց փոխնախարարը:
Պատգամավոր Արման Աբովյանը հակադարձեց որ սահմանված հասկացողությունները և չափանիշները լղոզված են և կոչ արեց նախարարին նորից ընթերցել այն կետերը, թե ինչը կարող է մամուլը տարածել ինչը՝ ոչ:
Փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ արդեն ցանկը ընթերցել է և կոչ արեց՝ եթե լրատվամիջոցը կասկած ունի, որ այս կամ այն տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել կամ կարող է հրապարակել այն, թե ոչ, ապա թող խորհրդակցի պարետի հետ: