Բաժիններ՝

Արման Թաթոյանը՝ ընդդեմ Ռոստամ Բադասյանի և Արթուր Դավթյանի պնդումների. Հարցը վճռեց Փաշինյանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր գործադիրի համաձայնությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական դատավարության մասին օրենսգրքում և հսկող դատախազին տալ իրավունք՝ անձին ազատել կալանքից, եթե առկա է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, իսկ ծանր հիվանդությամբ տառապող անձին կալանքից ազատելու հարցը լուծելիս հսկող դատախազը հաշվի է առնում վերագրվող արարքի ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:

Ըստ նախագծի՝ երբ կալանավորված անձը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ, հսկող դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և կալանավորված անձին ազատ արձակելու մասին:

Հսկող դատախազը միջնորդագիրը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո հսկող դատախազը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Հսկող դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Դատարանը բողոքը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Բողոքի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ դեմ էր նախագծին և նշեց, որ, թեև այս նախագիծը շատ կարևոր է, սակայն նախագծում առկա են ձևակերպումներ, որոնք կարող են անգամ Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել:

«Ասում են՝ բժշկական մասնագիտական հանձնաժողովն է տալիս եզրակացություն՝ այո կամ ոչ, հիվանդության մասին, իսկ եթե հանձնաժողովն ասում է՝ «ոչ», այդ դեպքում եզրակացությունը դատախազին չի հասնում, հետևաբար՝ ստացվում է, որ հանձնաժողովի «ոչ» ասելու պարագայում մարդը զրկվում է իր գործի քննության իրավունքից ու հնարավորությունից, մենք ասում ենք, որ, եթե անգամ հանձնաժողովն ասել է՝ «ոչ», միևնույն է, գործը պետք է հասնի դատախազին, այսինքն՝ հանձնաժողովի «ոչ» ասելուց հետո հարցի վրա բլոկ չպետք է դրվի»,- ասաց Արման Թաթոյանը:

Նախարար Բադասյանն ի պատասխան Արման Թաթոյանի՝ նշեց, որ նրա ասածը բոլորովին այլ օրենքի նախագիծ է ենթադրում, և, եթե ՄԻՊ-ը տեսնում է նման նախագծի անհրաժեշտություն, ապա կարող են ներկայացնել, իրենք կքննարկեն:

Ռուստամ Բադասյանի բերած նախագիծը պաշտպանեց նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Վարչապետ  Փաշինյանն առաջարկեց նախագիծը ետ կանչել կառավարությունից և կոմիտեի նիստում քննարկել նաև Արման Թաթոյանի կատարած դիտարկումները:

Դրան դեմ էին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը կրկին առաջարկեց, որ Թաթոյանն իր դիտարկումները ներկայացնի այլ նոր նախագծով, և շեշտեց, որ ՄԻՊ-ն անգամ գրավոր ներկայացնի իր դիտարկումները հաջորդ կոմիտեի նիստի ժամանակ:

Փոխվարչապետ  Տիգրան Ավինյանը ևս կողմ էր, որ նախագիծը նիստի օրակարգից հանվի և նորից քննարկվի կոմիտեի նիստում:

Ի վերջո՝ վարչապետ Փաշինյանը որոշեց՝ նախագիծը հանել նիստի օրակարգից և նորից քննարկել կոմիտեի նիստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս