
Պարետատաունը քննարկել է աշխատակիցներին անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը պարտադրող նախագիծ

Արտակարգ դրության պարետատանը շրջանառության մեջ է դրվել ընկերությունների աշխատակիցներին անհատական պաշտպանիչ միջոցներ տրամադրելը գործատուի համար պարտադիր դարձնող ցուցման նախագիծ: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
«Քաղաքացիները նշում էին, որ գործիքակազմ չկա, որպեսզի գործատուներին պարտադրվի աշխատողներին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով, ինչպես նաև պարտադրվի ապահովել Հայաստանում գործող սանիտարահիգիենիկ նորմերը՝ հաշվի առնելով վարակի սրացումն ու հնարավոր ռիսկերը: Այդ նպատակով, մեր կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է, կարծում եմ՝ մինչև օրվա վերջ կունենանք վերջնական տեսքը, որն էլ ուժի մեջ կմտնի»,- ասաց Ավագյանը: