
Կորոնավիրուսի կասկածով ՀՀ սահմանային հսկիչ կետերից մեկուսացվել է մոտ 100 անձ

ՀՀ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 անձ: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
«Հունվարի 24-ից սկսած մեր սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի: Անձնակազմի թվաքանակի ավելացում է եղել մոտ երկու անգամ, տեխնիկական հագեցվածության, մեր աշխատակիցների անհատական պաշտպանիչ միջոցների և այլ համալրումներ: Հսկիչ կետերից անմիջական հոսպիտալացում է տեղի ունեցել 65 անձի համար, իսկ մեկուսացվածների թիվը հասնում է 100-ի»,- ասաց Ավագյանը:
Հակոբ Ավագյանը նշեց, որ մեկուսացված քաղաքացիների մեջ են նաև Իտալիայից չարթերային չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները: