«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են Հայաստանի մշակույթը հանրահռչակող պաստառներ
Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ճանաչելի դարձնելու նպատակով «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են պաստառներ: Դրանց վրա նշված QR կոդի միջոցով մեր երկիր ժամանող զբոսաշրջիկները կարող են ինֆորմացիա ստանալ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող արգելոց- թանգարանների վերաբերյալ:
Այս մասին «YouTube»-ում տեսանյութի միջոցով հայտնեց ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
«Մի քանի օր է, ինչ ՊՈԱԿ-ը «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է բավականին գեղեցիկ և մեզ համար շատ կարևոր ցուցանակ: Նպատակն այն է, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կարողանան QR կոդով կապվել ՊՈԱԿ-ի կայքին և այնտեղից ստանալ բավականին հարուստ տեղեկատվություն մեր կազմակերպության տնօրինության տակ գտնվող արգելոց- թանգարանների վերաբերյալ: Սա մեր հուշարձանների հանրահռչակմանն ուղղված մի նոր ակցիա է, որը շարունակություն է ունենալու նաև Երևանի մետրոպոլիտենում»,-ասաց նա:
Թարվերդյանի հավաստիացմամբ՝ եթե ամեն ինչ բնականոն հունով ընթանա, պաստառներ կտեղադրվեն նաև բազմաթիվ այլ քաղաքների միջազգային օդանավակայարաններում: