Բաժիններ՝

«Այսօր, ժամը 19:00-ին Վեհափառ հայրապետը հայտարարել է Համազգային աղոթքի օր. ուր էլ որ մենք գտնվենք՝ տանը, աշխատավայրում, այլուր, մեր աղոթքը բարձրացնենք առ երկնավոր տերը»

Աշխարհն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Տարբեր երկրներում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին մասնակցում է նաև հոգևոր դասը: 168.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրեց, որ առաջին իսկ օրերից Հայ Առաքելական եկեղեցին ձեռնարկել է կանխարգելիչ քայլեր, թեմայի վերաբերյալ տարբեր քննարկումներ է ունեցել.

«Թե՛ եպիսկոպոսաց ժողովը հանդես եկավ առանձին հայտարարությամբ, և թե՛ Ամենայն Հայոց հայրապետը՝ խորհրդակցելով նաև հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների գահակալների հետ, մարտի 16-ին հանդես եկավ հատուկ ուղերձով: Ուղերձի նպատակն էր՝ կոչ անել բոլորին, որպեսզի անձնական և հանրային բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ գործեն և միմյանց հանդեպ հոգատարություն ցուցաբերեն՝ ըմբռնելով, որ այս պահին յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը ամենքիս անձնական պարտականությունն է նախևառաջ»: Տեր Վահրամը նաև տեղեկացրեց, որ ձեռնարկվել են գործնական քայլեր ևս՝ մասնավորաբար, Սուրբ Պատարագի արարողությունները և Ժամերգությունները կատարվելու են դռնփակ՝ հավելելով, որ եկեղեցիներն այդ արարողությունների հեռասփռումը կփորձեն կազմակերպել տեղերում՝ ըստ կարելիության.

«Աղոթքը չի կարող դադարել մեր եկեղեցիներում, և մենք պարտավոր ենք շարունակել աղոթել մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար»: Մեր զրուցակիցը նշեց, որ չեղարկվել են մի շարք արարողություններ՝ ինչպիսիք են, օրինակ, Սուրբ պսակի և  Մկրտության արարողությունները.

«Սակայն Սուրբ մկրտությունը, բժշկության աղոթքը և սուրբ հաղորդության բաշխումը կարող է կատարվել խիստ անհրաժեշտության դեպքում, եթե, օրինակ, հատկապես կա հիվանդության պարագա, և այդ ժամանակ եկեղեցականները պարտավոր են կատարել այդ արարողությունները հավատացյալների համար՝ միևնույն ժամանակ հորդորելով ներկաների թիվը խիստ սահմանափակել: Որոշում է կայացվել նաև, որ չեն կատարվի մի շարք կարգեր: Գիտեք, որ Սբ. Աստվածածնի տոնին կատարվում էր մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, և Ծաղկազարդին՝ մանուկների օրհնություն. այդ երկու կարգերն էլ տեղի չեն ունենա, իսկ Ծաղկազարդի տոնին Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կիրականացվի՝առանց հավատացյալների ներկայության»:

Մեր խնդրանքով անդրադառնալով այսօր սպասվող Համազգային աղոթքին՝ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մասնավորապես նկատեց.

«Նկատի ունենալով այս կացությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է Համազգային աղոթքի օր. Վեհափառ հայրապետը հրավիրեց մեր ժողովրդի բոլոր զավակներին՝ ժամը 19:00-ին բոլորս մեր առանձնական աղոթքը կատարենք՝ ուր էլ որ մենք գտնվենք՝ տանը, աշխատավայրում, այլուր, մեր աղոթքը բարձրացնենք առ երկնավոր տերը՝ հայցելով, որ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին և մեր ժողովրդին, հնարավորություն ընձեռի առ Աստված ապավինությամբ հաղթահարելու համավարակի այս փորձությունը»:

Ի դեպ, համազգային աղոթքը նաև հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսությամբ և այլ համացանցային միջոցներով: Վեհափառ հայրապետի գործունեության մասին մեր դիտարկմանն ի պատասխան էլ՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը նկատեց.

«Վեհափառ հայրապետը շարունակում է իր աշխատանքային հանդիպումները և այս օրերին մշտական կապի մեջ է Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդների հետ՝ տեղեկանալով իրավիճակի մասին և տալով անհրաժեշտ ցուցումները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս