Բաժիններ՝

«Մոգո» ՈՒՎԿ-ի «վարկային արձակուրդը» վերաբերում է ավտովարկին, «Մոգո Հիմա» վարկատեսակի դեպքում կդրսևորվի անհատական մոտեցում

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս մարտի 13-ին «Մոգո» ՈՒՎԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ խոսվում էր «վարկային արձակուրդի» մասին:

«Մոգո» ՈՒՎԿ-ն, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների:

«Ընդ որում, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ վերակառուցումը հնարավոր է իրականացնել հեռախոսազանգի միջոցով»,- նշվում էր հայտարարության մեջ:

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից բողոքներ եղան, որ ընկերությունը տեղադրել էր վարկային արձակուրդ տալու մասին հայտարարությունը, այնուհետ` ջնջել: Ավելին, զանգերին չեն պատասխանում և նամակ են ուղարկում վարկի ժամկետանց լինելու մասին:

Ավելի ուշ «Մոգո»-ից վերևում նշված փաստերը պատճառաբանեցին Ֆեյսբուքի հետ կապված տեխնիկական խնդրով և հեռախոսակապի ծանրաբեռնվածությամբ:

Ֆեյսբուքով հարցում ուղարկեցինք «Մոգո» ՈՒՎԿ` պարզելու համար, թե արդյո՞ք «վարկային արձակուրդի» որոշումից հետ են կանգնել, ինչին ի պատասխան՝ ստացվեց գրություն:

«Բարև Ձեզ, հարգելի հաճախորդ, այս պահին առաջարկվող 1 ամիս վարկային արձակուրդը վերաբերում է ավտովարկին։ «Մոգո Հիմա» վարկատեսակի դեպքում կարող եք Ձեր վարկի մարման օրը կատարեք համապատասխան վճարում, իսկ եթե ստեղծված իրավիճակի հետ կապված ունեք վճարման խնդիր, ապա տեղեկացնում ենք, որ Ձեր վարկատեսակի մասով դիմումները դիտարկվում են անհատական սկզբունքով։

Դիմումը դիտարկելու համար, խնդրում ենք այն ուղարկել մեր պաշտոնական [email protected]  էլ․ հասցեին, նշելով՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, սոց. քարտի համար։

Ինչպես նաև դիմումի պատճառը նկարագրության տեսքով։

Էլեկտրոնային նամակը ստանալուն պես դիմումին ընթացք կտրվի, իսկ որոշման մասին Ձեզ անպայման հավելյալ կտեղեկացնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս