
Հյուրանոցի հաճախորդների միջև վիճաբանություն, և անվտանգության աշխատակցի դանակահարություն…

2020 թվականի մարտի 15-ի` ժամը 05։35-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ գոտկային շրջանի և աջ թիակային շրջանի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հյուրանոցի հաճախորդներն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչը փորձել է կանխել անվտանգության աշխատակիցը, որի ընթացքում հաճախորդներից մեկը դանակով հարվածել է նրան:
Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով վիճաբանող երիտասարդներից մեկն է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: