Դատախազությունը 2019թ. հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս
Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2019թ. ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել: Մասնավորապես ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 1136 ուսումնասիրություն՝ 2018թ. համեմատ 12.5 տոկոսով ավելի:
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, բնապահպանության, ընդերքօգտագործման, ջրային ենթակառուցվածքների պահպանության և կառավարման, առողջապահության, իսկ զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման ոլորտները:
Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել էընդհանուր 158 հաղորդում և միջնորդագիր:
Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել ընդհանուր մոտ 1.7մլրդ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության 76 հայց: Մոտ 6 մլրդ 350մլն դրամ պահանջով հայցերի քննություն գտնվում է ընթացքի մեջ:
Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 269 քրեական գործ, իսկ 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։
Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, պետական միջոցներով իրականացված առանձին, այդ թվում ստրատեգիական նշանակության օբյեկտների շինարարության և վերանորոգման ընթացքում կատարված յուրացումների ու վատնումների, օտարման ոչ ենթակա օբյեկտների ապօրինի օտարման, պետական կամ համայնքային սեփականության գույքի վարձակալության տրման, կառավարման, ներդրումային պրտավորությունների կատարման, հանրապետական նշանակության հուշարձանների պահպանության, պետական գնումներիոլորտներում թույլ տրված չարաշահումների, էներգետիկ կայանների շահագործման խախտումներով միջոցներ չձեռնարկելու, ճանապարհաշինության ոլորտում փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները որպես ամբողջությամբ կատարված համարելու, անտառային և այլ հողերի կատեգորիաների փոփոխության, ձկան պաշարների պահպանության ոլորտներում թույլ տրված ապօրինությունների, բնական ռեսուրսների ապօրինի շահագործման, գնահատման և մրցութային ընթացակարգերի հանցավոր խախտումներով պետական սեփականության բազմաթիվ գույքերի մասնավորեցման, աղբահանության և սանմաքրման ծառայությունների ոլորտում պայմանագրային պարտավորությունների չկատարման պարագայում հանցավոր անգործություն ցուցաբերելու և բազմաթիվ այլ փաստերով:
Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու համար, նախազգուշացվել են 338 կամ 2018թ. համեմատմոտ 10 տոկոսով ավելի իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում միայն դատախազական այս ներգորության միջոցի կրառմամբ կամովին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 1մլրդ 265մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ ավելի է մոտ 539մլն. դրամով կամ 74.2%-ով:
Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 45 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2018թ. այդ ցուցանիշը կազմել է շուրջ 37 մլրդ դրամ:Այսինքն 2019թ. արդյունքը նախորող տարվա համեմատ ավելի է մոտ 21.6%-ով: Հարուցված քրեական գործերի, ինչպես նաև դատարաններ ներկայացված հայցերի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում բացահայտված վնասի վերականգնման ուղղությամբ: Այսինքն 2018-2019թթ. պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքի շնորհիվ հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը ընդհանուր կազմել է մոտ 82 մլրդ դրամ, որը 2.5 անգամ գերազանցում է նախորդող 9 տարիների հանրագումարային արդյունքը:
Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, ներկայացված հաղորդումների հիման վրա դատախազության կողմից կատարված աշխատանքի արդյունքում 2019թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր մոտ 2.2մլրդ ՀՀ դրամի վնաս: Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ:
Ներկայացված ցուցանիշների ապահովումն առաջին հերթին պայմանավորված է դատախազության հետ հասարակական շրջանակների, քաղաքացիների համագործակցության մակարդակի կտրուկ բարձրացման, պետական մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողական լծակներով ի հայտ բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալները ՀՀ դատախազություն ներկայացնելու գործընթացի ծավալների էական ավելացմամբ, ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումներն օպերատիվ կերպով ուսումնասիրության առարկա դարձնելու հանգամանքներով: Արդյունքները պայմանավորված են նաև ՀՀդատախազության ստորաբաժանումների, հատկապես ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված հսկայածավալ, բազմադրվագ ուսումնասիրությունների, պետական շահերին վերաբերվող խախտումները հայտնաբերելիս դրանք պատշաճ արձանագրելու և համապատասխան գնահատականի արժանացնելու հանգամանքով։