Հայ ավտոներկրողներն ու վրացական ընկերությունն իրենց վեճը կշարունակեն դատարանում
Մարտի 3-ին ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:
Ընկերությունը մոտ 40 ներկայացուցիչ ունի Հայաստանում, սակայն 2019թ. օգոստոսից սկսած հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենային պատճառած վնասները:
Ավտոներկրողների փոխանցմամբ՝ իրենք աշխատել են վրացական «Կովկասուս ավտոինպորտ» ընկերության հետ, ունեն պայմանավորվածություն, ըստ որի՝ եթե մեքենան գնում, տեղափոխում են Երևան, այն վնասվելու դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցել մեքենայի վնասի գումարը:
«Միշտ այդպես է եղել, բայց վերջին ժամանակներում, երբ արդեն մեքենաների հոսքը քչացել է՝ մաքսազերծման հետ կապված փոփոխություններով պայմանավորված, այդ ընկերությունը հրաժարվել է վճարել մեր գումարները: «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը նաև ավելի տուգանքներ է տվել, որոնք պայմանագրով ևս նախատեսված չեն եղել»,- ավելի վաղ ասել էին բողոքի ակցիայի մասնակիցները:
Նրանք նաև իրենց պահանջը ձևակերպեցին նամակում և փոխանցեցին դեսպանատանը:
168.am-ի հարցին՝ 10 օրվա ընթացքում պատասխան նամակ ստացե՞լ են, ավտոներկրողները բացասական պատասխան տվեցին՝ նշելով.
«Մեր ունեցած տեղեկություններով՝ վրացական կողմն ուզում է, որ դատական գործընթաց սկսվի: Այդպես էլ լինելու է: Ավելին՝ «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը հակադարձում է՝ ասելով, թե՝ ինձ մի հասցեագրեք մեղադրանքը, այլ Բաթումի, Փոթիի նավահանգիստներին:
Այսինքն, իրենք ուզում են ցույց տալ, որ ուշ է նավը եկել-կանգնել, ուշ են բեռները հանել: Նշում են՝ եթե մենք մեղավոր ենք, ապա նավահանգստի ներկայացուցիչներն էլ են մեղավոր: Դատական գործընթաց կլինի առաջիկայում, որպես երրորդ կողմ՝ նրանք էլ երևի կընդգրկվեն»: