Մինչև ո՞ւր կհասնի դրամի արժեզրկումը. Կա՞ արդյոք Հայաստանի ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգ
Տևական արժևորումից հետո՝ դրամը մտել է արժեզրկման փուլ։ Ազգային արժույթը թուլացել է՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։ Մարտի սկզբի համեմատ՝ դոլարի գինը բարձրացել է՝ 12-13, եվրոյինը՝ շուրջ 20 նիշով։ Մի դեպքում՝ արժեզրկումը հասնում է՝ 2,7, մյուս դեպքում՝ 3,8 տոկոսի։
Սա բավական կտրուկ արժեզրկում է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին մի քանի օրերին անկման տեմպն ակնհայտորեն արագացել է։ Եվ, որ ավելի կարևոր է, շուկայում պահպանվում են բարձր սպասումները, որոնք գերազանցապես դրամի արժեզրկման ուղղությամբ են։ Տարադրամի առք ու վաճառքի տարբերությունն այս պահին բավական մեծ է, ինչը վկայում է մասնակիցների շրջանում դրամի արժեզրկման նկատմամբ ձևավորված բացասական սպասումների մասին։
Ազգային արժույթի թուլացումը կապված է՝ ինչպես միջազգային ֆինանսական շուկաներում և համաշխարհային տնտեսության մեջ վերջին շրջանում տեղի ունեցող երևույթների, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսության ու ֆինանսական շուկաների վրա դրանց հնարավոր հետևանքների հետ։ Ներքին շուկայում մեծացել են տարադրամային մուտքերի հետ կապված ռիսկերը։ Եվ ոչ միայն մեծացել են, այլև սկսել են արտահայտվել։
Նվազում է տարադրամի ներհոսքը զբոսաշրջության ոլորտից, որը վերջին 1 տարում համարվում էր Հայաստանի արժութային շուկայում դրսևորված տարադրամային ճնշման ակտիվացման հիմնական «մեղավորը»։ Այդ գործոնի ազդեցությունը շուտով կարող է մոտենալ զրոյի։ Զանգվածաբար չեղարկվում են նախկինում արված գրեթե բոլոր պատվերները։ Այն դեպքում, երբ միայն այս հատվածից միջին ամսական մուտքերը ներքին շուկա անցած տարի կազմել են գրեթե 150 մլն դոլար։ Սա բավական լուրջ գումար է Հայաստանի ֆինանսական շուկայի տարադրամային պահանջարկը հագեցնելու համար։ Այսօր այդ հատվածից մուտքերը հասել են նվազագույնի և շարունակում են կրճատվել։
Բայց ռիսկերը միայն այդ ոլորտից չեն։ Մեծացել է ճնշումը Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի վրա, որը հանդիսանում է ֆինանսական շուկայի տարադրամային պահանջարկն ապահովող հիմնական ուղղություններից մեկը։
Ռիսկերը կապված են, առաջին հերթին՝ հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի գների նվազման հետ։ Այս ոլորտի հաշվին է ձևավորվում արտահանումից ստացվող տարադրամի գրեթե 30 տոկոսը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պղնձի գինը համաշխարհային շուկայում նվազել է տոննայի հաշվով առնվազն 1000 դոլարով։ Դրա հետևանքով այս հատվածում մենք բավական մեծ ռեսուրս ենք կորցնում։
Տարադրամային կորուստները մեծացել են նաև այլ ապրանքների արտահանումից։ Ռիսկեր կան՝ ինչպես եվրոպական, այնպես էլ՝ ռուսական շուկայի հետ կապված։
Թեև ռուսական շուկայի դեպքում գործարքների մեծ մասը ռուբլով են, այնուհանդերձ քիչ չեն նաև դոլարով կնքված պայմանագրերը։ Ռուբլու թուլացման հետևանքով մի կողմից՝ կարող են հարցականի տակ հայտնվել այդ գործարքները, մյուս կողմից՝ կրճատվելու է դրանց շրջանակներում մատակարարվող ապրանքների պահանջարկը։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ռուսական շուկայում արտահանվում են հիմնականում վերամշակող ոլորտի այնպիսի ապրանքներ, ինչպիսին են, ասենք՝ կոնյակը, գինիները, պահածոները, և այլն։
Տարադրամային կորուստներ կլինեն նաև տրանսֆերտային շուկայից։
Սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք իրենց մասնակցությունն են ունենում ներքին շուկայի արտարժութային մուտքերի վրա։ Այս փուլում, անշուշտ, այդ գործոններից ոչ բոլորն են իրենց ազդեցությունը թողել։ Բայց եթե այս իրավիճակը երկարի, ապա ճնշումն աստիճանաբար կմեծանա։
Այլ հարց է, թե դա ինչքանո՞վ կարտահայտվի ազգային արժույթի վրա։ Հայաստանի տարադրամային դիմադրողականությունն այսօր համեմատաբար բարվոք է։ Կենտրոնական բանկի միջազգային պահուստներում բավական պաշարներ կան՝ ազգային արժույթի արժեզրկումը մեղմելու կամ տեմպը թուլացնելու համար։ Ուրիշ բան՝ դա որքանո՞վ նպատակահարմար կհամարվի։
Դրամի արժեզրկման կանխումը չի բխում Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի շահերից։ Դրա հետևանքով նվազում է հայկական ապրանքների մրցունակությունը։ Այդ խնդիրն արդիական է հատկապես Ռուսաստանի պարագայում, որտեղ արտահանվում է ապրանքների շուրջ 27-28 տոկոսը։ Այս շուկան արդեն այժմ վնասաբեր է մեր այն ապրանքների համար, որոնց մատակարարման պայմանագրերը կնքված են ռուսական ռուբլով։ Ռուբլու արժեզրկման հետևանքով մատակարարները ստիպված են հաշվել կորուստները։
Ազգային արժույթի թուլացումը, ոչ մեծ չափով, բայց մասամբ կարող է նվազեցնել այդ կորուստները։ Դրանով հայկական ապրանքները մրցակցային որոշակի հավելյալ հնարավորություն են ստանում նաև այլ շուկաներում։
Բայց այստեղ մեկ այլ կարևոր խնդիր կա։ Անհնար է թույլ տալ դրամի շատ մեծ արժեզրկում, որովհետև դա ունի ոչ միայն զուտ տնտեսական, այլև սոցիալական նշանակություն. այն գնաճային ճնշման մեծացման պատճառ է դառնում։ Առանց այդ էլ, նման երևույթ արդեն նկատվում է՝ ներմուծվող մի շարք ապրանքների մատակարարումների կրճատման և ձևավորված բացասական սպասումների հետևանքով։ Եթե դրան ավելանա նաև դրամի թուլացումից փոխանցվող ազդեցությունը, ապա գնաճային ճնշումը շատ ավելի մեծ կլինի, որն այնքան էլ չի բխում քաղաքական իշխանության շահերից։ Առանց այդ էլ սոցիալական իրավիճակը Հայաստանում մի բան չէ։
Դրամի կտրուկ թուլացումը կհանգեցնի նաև ազգային արժույթի նկատմամբ վերջին մի քանի տարիներին ձևավորված վստահության կորստին։ Մի բան, ինչը սկսել էր դրական ազդեցություն թողնել վարկային ու ավանդային շուկաների վրա։
Այս պայմաններում լավագույն լուծումը կլիներ ազգային արժույթի նկատմամբ հավասարակշռված քաղաքականության իրականացումը։ Այնպես, որ հնարավորինս քիչ կորուստներ ունենային՝ ինչպես տնտեսությունը, այնպես էլ՝ հասարակության հատկապես սոցիալական անապահով հատվածը։
Մնում է ենթադրել, որ Հայաստանի մոնետար իշխանություններն այդպես էլ կվարվեն և կիրականացնեն այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա դոլարի գինը կայունացնել 490-500 դրամի միջակայքում։ Այս պահին դա կարող է լինել ամենախելամիտ լուծումը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ