Մի՞թե դա էր պակասում շարքային քաղաքացուն. Պաշտոնապես ամեն ինչ հրաշալի է, իսկ իրականում ոչ մի հրաշք էլ չկա

Պաշտոնապես Հայաստանում ամեն ինչ լավ է, նույնիսկ ավելի լավ, քան կարելի է պատկերացնել։ Տնտեսությունը զարգացման այնպիսի բարձր տեմպ է վերցրել, որ շատ ու շատ երկրներ պարզապես կնախանձեին։ Աճի ցուցանիշով առաջատար ենք ԵԱՏՄ-ում, տարածաշրջանում ու Եվրոպայում։ Տնտեսության մեջ որակական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, բարելավվել է տնտեսության ճյուղային կառուցվածքը, գնաճ չկա կամ շատ ցածր է, մենաշնորհներն իսպառ վերացել են, համակարգային կոռուպցիա չկա, ներդրումներն ահռելի տեմպով ավելացել են, տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են բացվել, աղքատությունը նվազել է, ֆինանսական կայունությունն էլ ապահովված է։

2 տարում 3 միլիոնանոց երկրում ավելի քան 1 մլն մարդու աշխատավարձ կամ թոշակ կամ նպաստ է բարձրացել։ Այսքանից հետո թվում է, թե մարդիկ դժգոհելու առիթ չպիտի ունենային։ Բայց պարզվում է՝ ունեն։ Ունեն, որովհետև այլ բան են պաշտոնական տվյալները, այլ բան է իրականությունը։

Պաշտոնական տվյալներով՝ ամեն ինչ հրաշալի է, իսկ իրականության մեջ այդ հրաշքը չկա։ Մարդկանց քիչ է հետաքրքրում, թե ինչ են ասում պաշտոնական տվյալները։ Մարդկանց հետաքրքրում է, թե ինչքանով է փոխվում իրենց կյանքը։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018թ. մայիսից մինչև օրս Հայաստանում ավելի քան 1 մլն մարդու աշխատավարձ կամ թոշակ կամ նպաստ է բարձրացել, գոնե գիտի՞, թե դա ինչ է փոխել նրանց կյանքում։ Մարդիկ զարմանում են, որ իշխանությունը մեծ ձեռքբերում է համարում կենսաթոշակների ու աշխատավարձերի մի քանի հազար դրամ ավելացումը։ Հատկապես որ, միևնույն ժամանակ՝ պետական բազմաթիվ պաշտոնյաների աշխատավարձերը հարյուր-հազարներով են ավելացել։ Ինչքան էլ իշխանությունները փորձեն սրան տրամաբանական բացատրություն հորինել, միևնույն է, դա չի կարող համոզիչ լինել։

Մարդիկ տեսնում են, որ նախկիններին քննադատողներն և ժողովրդի հոգսերից երեկվա խոսողներն իշխանության գալուց հետո նույնն են անում։ Նրանք մտածում են ոչ թե ժողովրդի, այլ առաջին հերթին՝ իրենց գրպանի մասին։ Աշխատավարձերի ու կենսաթոշակների այն մի քանի հազար դրամն էլ, որ ավելացրել են, արել են մարդկանց աչքին թոզ փչելու համար։ Պարզ է, որ դրանով նրանց կյանքում որևէ խնդիր չի լուծվում։

Այն 1 միլիոն մարդուց, որոնց աշխատավարձը կամ կենսաթոշակը կամ նպաստը բարձրացել է, գրեթե կեսը կենսաթոշակառուներն են։ Նրանց կենսաթոշակներն ավելացել են ընդամենը 3000 դրամով։ Սա է այն արդյունքը, որը Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում։ 3000 դրամով բարձրացել է կենսաթոշակը, իսկ ինչքա՞ն այլ ծախսեր են ավելացել՝ կապված՝ ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, այնպես էլ՝ բազմաթիվ այլ ծառայությունների թանկացման հետ։

Նույնը նաև աշխատավարձերի դեպքում է։ Չհաշված, իհարկե, այն պետական պաշտոնյաներին, որոնց եկամուտներն անգամներով են ավելացել։

Աշխատավարձերի մի քանի հազար դրամ բարձրացումը մեծ բան չի փոխում մարդկանց կյանքում։ Հատկապես որ, իրականությունը ոչ միշտ է այնպիսին, ինչպիսին ակնկալվում է։

Եկամտային հարկի շեմն իջեցնելիս կառավարությունը հայտարարում էր, որ դրանով անուղղակիորեն բարձրացնում է տասնյակ-հազարավոր մարդկանց աշխատավարձերը։ Կարծում էին, թե հիմա արդեն նրանք ավելի քիչ հարկ կվճարեն և աշխատավարձի տեսքով ավելի շատ եկամուտ կունենան։

Բայց ի՞նչ տեղի ունեցավ. բազմաթիվ գործատուներ վերաթարմացրեցին աշխատանքային պայմանագրերը և նվազեցրին աշխատավարձերը։

Ստացվեց այնպես, որ եկամտային հարկի նվազեցումը շատերին այդպես էլ ոչինչ չտվեց, ինչպես կարծում էր կառավարությունը։ Իրականում շահեցին գործատուները, որոնք օգտվեցին եկամտային հարկի նվազեցումից և իջեցրեցին աշխատավարձերը։ Արդյունքում՝ մարդիկ շարունակում են ստանալ այնքան, ինչքան ստանում էին մինչ այդ։ Թեև դա չի խանգարում, որպեսզի իշխանությունները համարեն, որ եկամտային հարկի նվազեցումով ավելացրել են հազարավոր աշխատողների եկամուտները։

Համարենք, որ վերջին 1-2 տարիներին 1 մլն մարդու աշխատավարձ կամ կենսաթոշակ կամ նպաստ է բարձրացել։ Բայց դա երևույթի միայն մի կողմն է։ Կարևորն այն չէ, որ աշխատավարձերը, կենսաթոշակները կամ նպաստները բարձրացել են, կարևորն այն է, թե ինչքանո՞վ են բարձրացել, և ի՞նչ են տվել։

Այստեղ է ամբողջ խնդիրը։ 3 կամ 5 հազարը, նույնիսկ 10 հազարն այն գումարը չէ, որը կարող է բան փոխել մարդկանց կյանքում։ Պատահական չէ, որ այսօր էլ շատերը նույնքան վատ են ապրում, որքան նախկինում։ Իշխանափոխության 2 տարին այս առումով մեծ բան չի փոխել մարդկանց կյանքում, եթե նույնիսկ փոխել է։

Թեև, երբ հետևում ենք պաշտոնական լրահոսին, թվում է, թե Հայաստանում հրաշք է կատարվել։

«2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27,6 տոկոսով, իսկ 2017թ. համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41 տոկոսով: 2018-2019թթ. ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505,4 միլիարդ դրամով կամ 43,6 տոկոսով, ինչը հնարավորություն է ընձեռել 199,1 միլիարդ դրամով նվազեցնել հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը և 306,3 միլիարդ դրամով փաստացի ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները։ 2018թ. մայիսից մինչև 2019թ. վերջ հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է և ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87.000 աշխատատեղ: 2019թ. երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսային կետով: 2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել  23,5 տոկոսի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1,2 տոկոսից նվազել է մինչև 1 տոկոս»։ Սա մի հատված է՝ իր անցած տարվա գործունեության վերաբերյալ՝ կառավարության ներկայացրած զեկույցից։

Պաշտոնապես հայտարարվող տնտեսական ու սոցիալական ձեռքբերումների այս շարքը կարելի է երկար շարունակել։ Այլ հարց, թե դա ի՞նչ է տվել շարքային քաղաքացուն։ Գուցե այն, որ հիմա նա տեսականորեն հնարավորություն ունի 50 եվրոյով Հռո՞մ գնալ։ Բայց մի՞թե դա էր պակասում շարքային քաղաքացուն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս