«Առաջիկա 1-2 ամիսների կտրվածքով անհրաժեշտ է վերանայել և հետաձգել կոմունալ վճարումների կատարման վերջնաժամկետները». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կարծում եմ՝ պատկան մարմինները պետք է արագ և օպերատիվ որոշումներ ընդունեն բանկային, վարկային, կոմունալ և այլ ֆինանսական պարտավորությունների կատարման համար նախատեսված վերջնաժամկետների վերանայման, ինչպես նաև դրանց խախտման համար հնարավոր պատժամիջոցների կիրառման բացառման և ճկուն ժամանակացույցերի սահմանման առումով:
Անհրաժեշտ է, որ իշխանությունները վերը նշված հարաբերությունների և փոխադարձ պարտավորությունների համակարգման առումով ևս ի շահ մարդկանց և քաղաքացիների կայացնեն համապատասխան որոշումներ:
Իրավիճակի հետ կապված մարդիկ հոգեբանորեն լարված են և կառավարությունը հանրությանը հանդարտեցնելու և հընթացս ծագող խնդիրները լուծելու և կառավարելի ռեժիմում պահելու օպերատիվ գործիքներ ևս պետք է մշակի և իրականացնի:
Մասնավորապես. առաջիկա 1-2 ամիսների (կախված իրավիճակից) կտրվածքով անհրաժեշտ է.
1. բացառել քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների կատարման ժամկետների խախտման և հերթական վճարումների ուշացման համար տույժերի կիրառումը, ինչպես նաև «սև ցուցակներում» նրանց ընդգրկումը,
2. վերանայել և հետաձգել կոմունալ (գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և այլն) վճարումների կատարման վերջնաժամկետները` բացառելով վճարումների ուշացման հետևանքով ծառայությունների մատուցման կասեցումը,
3. բնակչության կողմից ֆինանսական այլ պարտավորությունների կատարման ժամկետների խախտման համար չկիրառել պատասխանատվության միջոցներ»: