Բաժիններ՝

«Եթե լինի Կառավարության որոշումը թանգարանը վերաբացելու վերաբերյալ, ապա շենք էլ կհատկացվի, գումար էլ». Թամանյանի թոռը՝ թանգարան-ինստիտուտի վերաբացման մասին

Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, 2019թ. հունիս ամսից պայքարում է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի վերաբացման համար:

Ասում է՝ և՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, և՛ Կառավարությունից իր հետ դեռ կապ չեն հաստատել, նոր շենքի հետ կապված որևէ առաջարկ չի արվել:

«Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ մի կերպ կապ հաստատեցի, նա ասաց, որ ամեն ինչ կանի խնդրի լուծման համար: Նամակ գրեցինք նաև ՀՀ վարչապետին, նրա օգնականը զանգահարեց, խոստացավ, որ Նիկոլ Փաշինյանն ինձ կընդունի, բայց այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ, որովհետև ինձ հետ այլևս կապ չհաստատեցին: Հասկանո՞ւմ եք, եթե լինի Կառավարության որոշումը թանգարանը վերաբացելու վերաբերյալ, ապա շենք էլ կհատկացվի, գումար էլ: Շուտով Լոնդոնից վերադառնալու եմ Հայաստան՝ պայքարը շարունակելու համար: Պետք է թանգարանը ստեղծել և այնպես անել, որ Թամանյանի գործունեությունն ու նվաճումները հայտնի դառնան ամբողջ աշխարհին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Թամանյանը:

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է՝ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Թանգարանը գործել է 15 տարի, փակվել է 2016 թվականին:

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ լավ կլինի, եթե Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարան լինի:

«Շատ շենքեր կան, դրանցից մեկն Ամիրյան փողոցի նախկին Բրյուսովի շենքն է, որը, 20 տարի է՝ թողնված է այնպես, ինչպես կար: Կարծեմ՝ նախկին արական գիմնազիան է: Շատ լավ տեղ է: Վերանորոգվել էր ու ծառայելու էր՝ որպես Երևանի պատմության թանգարան, բայց հետո վաճառեցին: Ամոթալի է, այո՛, մեր բացթողումներից մեկն է, որ չկա Թամանյանի թանգարան, ինչպես նաև նրա մասին պատմող լավ գիրք: Ցանկություն ունենք մեծ գիրք պատրաստել: Դրսից ով էլ որ գա՝ պատմելու ենք, չէ՞, որ Թամանյանը եկավ 1920 թվականին ու սարքեց Երևանը, որը մինչ այդ գյուղաքաղաք էր՝ փոշոտ, տաղտկալի: Թամանյանի թանգարանը պետք է լինի քաղաքի կենտրոնում՝ «տուրիստների ոտքի տակ»»,- ասել էր Մկրտիչ Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս