Հունաստանում վառվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը
Հունաստանում վառվեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ավանդույթի համաձայն կրակն արևի շողերից վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները` հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարի մոտակայքում: Այս տարի կորոնավիրուսի պատճառով վառման հանդիսավոր արարողությանը ներկա չէր ոչ մի հանդիսական: Կրակի առաջին ջահակիրը Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն ազգությամբ հույն հրաձիգ Աննա Կորակակինն է:
Կրակի վառման արարողությանը նախորդած ելույթների ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս հայտնեց, որ կորոնավիրուսի համաշխարհային տարածումը շուտով կնահանջի և շնորհակալություն հայտնեց Տոկիո-2020-ի կազմակերպիչներին՝ նախապատրաստական գերազանց փուլի համար:
Օլիմպիական կրակը մարտի 19-ին կուղևորվի Ճապոնիա, որտեղ կշրջի ամբողջ երկրով մեկ և խաղերի բացման հանդիսավոր արարողության օրը կբերվի օլիմպիական մարզադաշտ:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականի ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Աթենքում այդ ժամանակ կայացել են Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվական- Բեռլին, 1940 թվական-Տոկիո և 1944 թվական-Լոնդոն: Մինչ այս Օլիմպիական խաղերն ամենից շատ հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):
Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, որը նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:
Վարվառա Հայրապետյան