«Տեր եմ», «հնազանդ եմ» արտահայտությամբ Առաքելական եկեղեցին բռնության քարոզիչ է դառնում. Գրող

«21-րդ դարում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով կանանց վիճակը հասարակության մեջ դեռևս չենք կարողանում լիարժեք ապահովել՝ հավասարության տեսանկյունից, էլ ուր մնաց՝ հեռավոր 18-19-րդ դարերում, երբ նման նախաձեռնություններ գրեթե չկային: Ամեն ինչ բխում էր հասարակության ընկալումից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կանանց  նկատմամբ կիրառվող բռնության մասին՝ ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա նշեց, որ հայ  գրականության մեջ, ազգագրական նյութերում կան սկեսուրների կերպարներ, ովքեր ժամանակին եղել են համեստ, խոնարհ, իրենց իրավունքներից զրկված, գուցե նաև ընտանեկան տարբեր բռնությունների ենթարկված, բայց երբ հատում են սահմանն ու իրենք են հարս ունենում, կոպիտ ասած՝ նույն բռնարարն են սեփական հարսի նկատմամբ:

«Իսկ ի՞նչ է արել մեր գրականությունը սրա համար: Այստեղ մենք դժգոհելու տեղ չունենք, որովհետև պարբերաբար այդ խնդիրներն արծարծվել են՝ թեկուզ սկսած Խաչատուր Աբովյանից: Անկախ ամեն ինչից՝ չպետք է մոռանանք, որ եղել ենք այլ կայսրությունների կազմում, նենգ լծի տակ, երբ հայ կանայք ու երեխաները մշտապես եղել են օտարի բռնության վտանգի տակ, ներքին բռնությունները շատ հաճախ մղվել են հետին պլան: Ներընտանեկան, ներհանրային բռնության մասին, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ավելի շատ խոսվում է այն ժամանակ, երբ քիչ թե շատ քաղաքակրթական ավելի բարվոք վիճակ է տիրում մեր հասարակության մեջ: Խնդիրների մասին շատ խոսվել է 1920-ական թվականներին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո: Կարծում եմ, որ կանանց իրավունքների մասին մեր գրականության մեջ լավագույն կերպով խոսել է Ակսել Բակունցը»,- հավելեց գրականագետը:

Գրող Արմեն Հայաստանցին նույնպես կարևորեց գրականության դերը՝ նկատելով. «Կանանց սպանելու գործում շատ հմուտ էր Հովհաննես Թումանյանը: 3 պոեմ հենց կանանց անուններով է՝ «Անուշ», «Մարո», «Մեհրի»: Իմ կարծիքով՝ այս երեքում աբողջանում է կնոջ հարցը: 3 կանայք էլ չեն մայրանում: Ես անընդհատ մտածում էի, թե ինչո՞ւ է այդպես: Դե Թումանյանն է, մեր ազգային պոետը, ոնց որ թե պետք է սահմաներ մոր կերպարը, բայց մոր հավաքական կերպար նա չունի: Կինը հայ գրականության էջերում դեռևս ամբողջովին ազատագրված չէ, և այս առումով մեր գրականությունն աղքատիկ է: Մենք շատ ենք կրկնում, որ մեր մշակութը կնամեծար է, բայց ինձ թվում է՝ ճիշտ հակառակն է, ինչքան մեծարում ես, այնքան նշանակում է, որ հակառակ երեսն էլ կա. Ուրեմն՝ այդքան էլ ստորացնում ու ճնշում ես, բռնություն ես կիրառում: Պետք չէ մեծարել, այլ պետք է հավասարություն ստեղծել»:

Արմեն Հայաստանցու կարծիքով՝ պետք է վերանայվեն, օրինակ, եկեղեցական ծիսակարգերը, պսակի խորհրդի ժամանակ զույգերի կողմից տեր և հնազանդ լինելու խոստումը: Եկեղեցում էլ պետք է հեղափոխություն լինի:

«Դրանից, առաջին հերթին՝ Առաքելական եկեղեցին է շահելու: Նույնիսկ, եթե դա չի գիտակցում մեր եկեղեցին, բայց բռնության քարոզիչ է դառնում: Բայց փաստացի այդպես է: Ինքն այդ բռնության կրողը և քարոզողն է դառնում: Չի էլ ուզում հասկանա և ռեֆորմ անի: Երկիրն անցնում է հեղափոխության միջով, մշակույթ է փոխվում, իսկ եկեղեցին մնացել է 5-րդ դարում քնած»,- ընդգծեց գրողը:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ սա չի կարելի կտրուկ գցել եկեղեցու և քրիստոնեության վրա:

««Տեր եմ», «հնազանդ եմ». Դա էթիկետ է, բնորոշ է եկեղեցական արարողակարգին: Այլ հարց է, որ ռեֆորմի շրջանակում ինչ-որ բառեր փոխվեն, որովհետև իմ համոզմամբ՝ բառն ունի ներգործող արժեք՝ հիշողության տեսանկյունից, որը կարող է ձևավորել որոշակի արարք: Նույն «Տեր եմ», «Հնազանդ եմ» արտահայտությունները կատարել են նաև դրական դեր՝ ընտանիքների պահպանման, բռնությունների հաղթահարման առումով»,- ասաց գրականագետը:

Տեսանյութեր

Լրահոս