
Սերժ Սարգսյանի գործը մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին, որի հայրն ու եղբայրն անցել են 2008-ի մարտի 1-ի գործով. factor.am

factor.am-ը գրում է. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը՝ ՀՀ վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը՝ ՀՀ նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխաիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:
Գործը դատավոր Հովհաննիսյանին երեկ՝ հուլիսի 2-ին է մակագրվել, դեռևս «Դատալեքս»-ում առկա չէ տեղեկություն այն վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ, սակայն չի բացառվում, որ առաջանա դատավորի ինքնբացարկի հարց։ Խնդիրն այն է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը դարձել էր նախագահ, դատավորի հայրն ու եղբայրը հետապնդման են ենթարկվել Մարտի 1-ի իրադարձությունների գործով, որը որակել են քաղաքական հետապնդում։ Դատավորի հայրը՝ 2008-ին պաշտոնաթող գնդապետ Համլետ Հարությունյանը նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի համակարգողը։ Որդին՝ Գագիկ Հովհաննիսյանն էլ եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։
Մարտի 1-ի իրադարձությունների գործերով Գագիկ Հովհաննիսյանը դատապարտվել է, իսկ հայրը՝ Համլետ Հովհաննիսյանը, որին մեղադրում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, տևական ժամանակ եղել է ընդհատակում, ապա այն բանից հետո, երբ որդու նկատմամբ համաներում է կիրառվել, ընդհատակից դուրս է եկել և ներկայացել իրավապահներին։ Դատարանում Համլետ Հովհաննիսյանի շահերը ներկայացրել է Գիվի Հովհաննիսյանը, որն այդ ժամանակ փաստաբան է եղել։
Բացի այս՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերսկսվել է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին առնչվող մի քրեական գործի քննություն, որով Սարգսյանին մեղադրում էին սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։
Ըստ գործի՝ Սարգսյանը ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին էր փորձել սպանել։ Այս գործով Դավիթ Սիմոնյանի շահերը ներկայացնում էր այն ժամանակ որպես փաստաբան աշխատող Գիվի Հովհաննիսյանը։ Այսինքն՝ առերևույթ առկա են հիմքեր, որոնք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ կասկածներ հարուցել դատավոր Գիվի Հովհաննիսյանի անաչառության վերաբերյալ։
Նշենք, որ Գիվի Հովհաննիսյանին հոր և եղբոր նկատմամբ 2008-ի իրադարձությունների դեպքերով հետապնդման ենթարկված լինելու հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով, սակայն այս ինքնաբացարկը դատավորը մերժել է՝ հիմնավորմամբ, որ Աշոտյանը 2008-ի գործերով քննիչ, դատախազ կամ դատավոր չի եղել։
Արդյոք դատավորը նույն դիրքորոշումը կհայտնի նաև այն դեպքում, երբ պետք է քննի 2008-ի իրադարձությունների ժամանակ երկրի ղեկավար եղած Սերժ Սարգսյանի գործը, հայտնի չէ։
Արաքս Մամուլյան