
«Ի՞նչ «միջանցք», ի՞նչ բան, չկա նման բան. «Հյուսիս-Հարավ» ճանապարհի համար ենք թունելներ փորում». Մեղրիի փոխհամայնքապետ

168.am-ին այսօր դիմել էին Մեղրիի մի խումբ բնակիչներ՝ մտահոգություն հայտնելով, որ Մեղրիում թունել են փորում և դրա համար մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում շատ է խոսվում «Մեղրիի միջանցքի» մասին, և թուրք-ադրբեջանական տանդեմը մշտապես հայտարարում է, որ այս «միջանցքը» հայկական կողմը պետք է անպայման տրամադրի, նաև Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի բացահայտումը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին, բնակիչները մտահոգված են՝ արդյո՞ք այդ ճանապարհի համար է թունել փորվում։
168.am–ը Մեղրիի փոխհամայնքապետ Բագրատ Զաքարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ թունել են փորում և ի՞նչ նպատակով։
Փոխհամայնքապետն ասաց, որ անհագստանալու որևէ կարիք չկա, քանի որ այդ աշխատանքները կապված են «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հետ։
«Նախ՝ 1 թունել չենք փորում, մի քանիսն է, և այդ ամենը «Հյուսիս-Հարավ» ճանապարհի համար ենք անում։ Շինաշխատանքները մեկնարկել են ոչ թե երեկ կամ մեկ շաբաթ առաջ, այլ մոտ 6-7 ամիս առաջ։
Թե չէ Մեղրիում ո՛չ պատերազմ կա, ո՛չ խնդիր, պետք չէ անհանգստանալ։ Սովորական թունելներ են։ Ի՞նչ «միջանցք» ի՞նչ բան, չկա նման բան, մենք մեր ճանապարհն ենք կառուցում»,- ընդգծեց Բագրատ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետներին, ասել էր, որ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։
Եվրամիությունը նաև Երևանին ու Բաքվին էր առաջարկում այս նախադեպով առաջնորդվել, սակայն «քննարկումները խափանվեցին. նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր բռնկումներից, ապա՝ 2023 թվականին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո»,- գրել է Քարնեգիի վերլուծաբանը։