Եթե ԿԳՍՄ նախարարությունը պատշաճ իրականացներ օրենքի պահանջը, ընտանեկան բռնությունները քիչ կլինեին. Աիդա Մուրադյան
Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը՝ ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու նրա 13-ամյա դստեր՝ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում հայտնվելու մասին լուրը հանրությանը շոկի ենթարկեց:
Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա՝ ձերբակալվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:
«Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանի խոսքով՝ տպավորությունը, թե սա մասնավոր դեպք է, վերանում է, երբ վերլուծում են դեպքը և հասկանում, որ կան համակարգային խնդիրներ:
Ըստ նրա՝ 2018 թվականից ուժի մեջ մտած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում կանխարգելման ծառայություն իրականացնելու համար մի քանի դերակատար է նշվում: Աիդա Մուրադյանի խոսքով՝ այստեղ ամենամեծ նշանակությունն ունի կրթության ոլորտի լիազոր մարմինը, այսինքն՝ ԿԳՍՄ նախարարությունը:
«Եթե ԿԳՍՄ նախարարությունը պատշաճ իրականացներ օրենքի պահանջը, ապա ես վստահ եմ, որ ընտանեկան բռնության թվերը կլինեին զգալի փոքր քանակով»,- ասաց Աիդա Մուրադյանը:
Այս դեպքի մասին տեղեկություններ հավաքելիս «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավարը հակասական տեղեկություններ է ստացել: Հարևաններն ասել են, որ երեխան և կինը պարբերաբար բռնության են ենթարկվել, ունեցել են կապտուկներ, մինչդեռ դպրոցում ասել են, որ երեխայի վրա բռնության հետքեր չեն եղել, երեխան միշտ եղել է շատ ուրախ ու նկարել է գունավոր նկարներ:
«Այսօր մեր ոստիկաններն իրենց վրա վերցրել են «ոստիկան-սոցիալական աշխատող» դերը, որովհետև սոցիալական պաշտպանության համակարգը դեռևս կայացած չէ»,- վստահեցնում է Աիդա Մուրադյանը:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ծեծի ենթարկված 13-ամյա աղջկան, ֆեյսբուքյան էջում հրապարակել էր լուսանկար՝ կից գրառման մեջ գրելով նաև երեխայի անուն-ազգանունը:
Աիդա Մուրադյանը չի խրախուսում անհատականացնող տվյալների, այս դեպքում՝ անուն-ազգանված հրապարակումը ու դա համարում է ոչ պատշաճ:
Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով՝ դեպքը, օրենքի համաձայն, կարելի է դիտարկել՝ որպես ընտանեկան բռնություն, եթե այն իրականացրել է ամուսինը կամ փաստացի ամուսինը:
«Այստեղ խոսքը գնում է, որպես այդպիսին, զուգընկերոջ մասին, որովհետև իրենք, այս պահի տվյալներով, փաստացի ամուսիններ չեն եղել: Բայց մենք ունենք զոհ ու այն, որ տղամարդը տևական ժամանակ կապված է եղել այս կնոջ հետ»,- ասաց Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ, եթե սա դիտարկվեր ընտանեկան բռնության դեպք, ապա երիտասարդը քրեական պատասխանատվության կենթարկվեր նույն հոդվածներով, պարզապես դեպքը կհաշվառվեր՝ որպես ընտանեկան բռնության դեպք:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում