Գյումրիում ծեծի հետևանքով կին է մահացել, աղջիկը հիվանդանոցում է․ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
Մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ դարձավ, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր։ Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։