«Մենք 100 մետր այս կողմ, 100 մետր այն կողմ հողի տրամաբանությամբ չենք բանակցում, այլ բանակցում ենք անվտանգության տրամաբանությամբ». Սուրեն Գրիգորյան

Մյունխենի հանդիպումից հետո վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց 6 սկզբունքներ՝ գրելով, որ սա նոր բովանդակություն է, այնուհետև Զոհրաբ Մնացականյանը պարզաբանեց, որ սա ոչ թե նոր բովանդակություն է, այլ լրացնում է եղածը: Գաղտնիք չէ, որ խորհրդարանական տարբեր հարթակներում, տարբեր բանաձևերում ԼՂ խնդրի հետ կապված՝ հայկական կողմը մշտապես պնդել է Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված բանաձևը, այն է՝ երեք սկզբունքի վրա, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշումը: 168.m-ի հարցին, թե վարչապետի տված նոր սկզբունքները ո՞նց եք պատկերացնում ընդգրկել միջազգային բանաձևերի մեջ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.

«Նոր բովանդակության առումով իմ ընկալումը կարող եմ ասել, ես չեմ կարող ասել, որ ասվել է մի բան, որը չի բխում նախորդ հայտարարություններից, բայց այդ շեշտադրումները շատ ավելի հստակ էին: Նոր բովանդակություն տեսնելու առումով, կարծում եմ՝ հստակ շեշտվում է, որ այս բանակցությունների ընթացքում տարածքներ հասկացություն չկա: Այսինքն՝ մենք 100 մետր այս կողմ, 100 մետր այն կողմ հողի տրամաբանությամբ չենք բանակցում, այլ բանակցում ենք անվտանգության տրամաբանությամբ»:

Ըստ նրա՝ այդ տարածքներն անվտանգության երաշխիք են, իսկ անվտանգությունը չեն զիջում, հետևաբար՝ տարածքներ զիջելու մասով ցանկացած խոսակցություն անտրամաբանական է առնվազն այն դեպքում, երբ հնչում են հայտարարություններ ադրբեջանական կողմից:
«Իսկ ինչպե՞ս են միջազգային զեկույցներում այս կամ այն կողմի առաջադրած սկզբունքները ներառվում… այդ սկզբունքները համառորեն առաջ տանելով և հիմնավորելով: Մեր հետևողական աշխատանքի արդյունքում և մեր գործընկերների ըմբռնումների արդյունքում՝ այս ճանապարհով են պատկերացնում»,- եզրափակեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս