Առողջապահության նախարարն իրեն ու թիմին պարգևավճարներ է տալիս, իսկ զինհաշմանդամների դեղորայքի գումարը ստիպված են հոգալ անհատ բարերարները․ Հայկուհի Մինասյան
«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ֆեյսբուքի իր էջում պարբերաբար գրառումներ է անում այս կամ այն անձի անունից զինծառայողներին դեղորայք գնելու համար հատկացվող գումարի մասին։
Թե ինչ նպատակով են գումար նվիրաբերում անհատները, Tert.am-ի հետ զրույցում Հայկուհի Մինասյանն ասաց,որ գումարի կարիք ունեն այն զինհաշմանդամները, որոնց պետությունը դեղորայք չի տրամադրում, խոսքը 9000 զինհաշմանդամների 60-70%֊ի մասին է։
«Խնդիրը գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում և այն, որ զինհաշմանդամները բուժման ու դեղորայքի կարիք ունեն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գիտի։ Նախ, մեր հասարակությունը կարծում է, որ եթե Պաշտպանության նախարարությունն է իրականացնում զորակոչը, ապա վիրավորումից հետո էլ ՊՆ֊ն պետք է պատասխանատվություն կրի զինծառայողի առողջության համար, այնինչ դա և՛ վարչապետի տիրույթում է, և՛ կառավարության, և՛ Առողջապահության նախարարության։
Այսօր ՀՀ֊ում զինհաշմանդամները մի շարք ծրագրերից չեն օգտվում, պետպատվերից չեն օգտվում, չնայած Արսեն Թորոսյանին հայտնել ենք այդ մասին, Նախագահականում քննարկում ենք ունեցել, սակայն խնդիրը չի լուծվում։ Բազմաթիվ զինհաշմանդամների մերժել են պետպատվերի շրջանակում բուժել»,֊ ասաց Հայկուհի Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից զինհաշմանդամներին մերժում են՝ ասելով, որ նման օրենսդրական կարգավորումներ չկան, պետությունը զինհաշմանդամին առաջարկում է դեղորայք, որը չի օգնում, էժան փոխարինողն է, և նրանց ծնողները ստիպված են լինում գումար հայթայթել նրանց բուժման համար։
«Սա անընդունելի է, զինհաշմանդամի դեղորայքի համար գումար չկա, իսկ նախարար Թորոսյանն իրեն, օգնականներին պարգևավճարներ է բաշխում, իսկ զինծառայողներին՝ մերժում։ Մենք՝ որպես հարկատուներ, համաձայն չենք, որ մեր գումարներն այդ կերպ բաշխվեն, և խնդիրը պետք է հասցնենք վարչապետին։ Վստահ եմ, այս հարցն էլ ինչ֊որ չափով լուծում կստանա»։
Հայկուհի Մինասյանի խոսքով՝ ՀՀ֊ում 9000 զինհաշմանդամից 60֊70 %֊ը դեղորայքի կարիք ունի, կան խրոնիկ հիվանդություն ունեցողներ ևս, և պետությունը անկախ նրանից, թե որքան գումար կարժենա, պետք է լուծի զինհաշմանդամների խնդիրը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: