«90 զորացրված սպա, բնակարանի գնման սերտիֆիկատը ձեռքներին՝ չեն կարողանում բնակարան գնել. գումարը քիչ է». պահեստազորի սպա
«Մայիսից մինչև օրս բնակարանի գնման սերտիֆիկատ է տրամադրվել ընդամենը 3 մարզից 119 զորացրված սպայի». Լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը: Նա մեկն է այն սպաներից, որոնք ցույցի դուրս եկան անցած տարի, երբ Կառավարության որոշմամբ փոխվեց պահեստազորի սպաների բնակարան ստանալու կարգը: Նախկինում պահեստազորի սպաները պետությունից պետք է ստանային անհատույց բնակարաններ, 2019-ի մայիսից բնակարան ձեռք բերելու համար սպաներին տրամադրվում է Երևանում բնակարանների շուկայական միջին գնի 50 տոկոսը, մարզերում՝ 90 տոկոսը: Կարեն Հակոբյանը պնդում է, որ կադաստրային և շուկայական արժեքները մեծապես տարբերվում են իրարից:
«2019-ի մայիսի որոշումից հետո առաջին գործընթացը սկսվել է սեպտեմբեր-հոկտեմբերին, որի ընթացքում 3 մարզերից 119 հոգու է բնակարան գնելու սերտիֆիկատ հատկացվել: Այս ժամանակվանից մինչև օրս բնակարանների տրամադրման նիստեր չեն իրականացվել, չնայած դրանք պետք է շարունակական լինեին, հանձնաժողովի նախագահը Պաշտապանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն է: 3 մարզերի սպաներ՝ Շիրակ, Գեղարքունիք, Արարատ, արդեն սեպտեմբերից բնակարանային փաստաթղթերը թարմացրել էին, մարդկանց սթրեսի են ենթարկում, մի մեծ փաթեթ կա փաստաթղթերի, որոնցից ամենակարևորը Կադաստրի տվածն է, ու որը 15 օր կամ 1 ամիս ժամկետ ունի»,- ասաց Կարեն Հակոբյանը:
Պահեստազորի փոխգնդապետը մշտական կապի մեջ է մարզերի բնակիչ զինակիցների հետ: Նրանից էլ հետաքրքրվեցինք, թե քանի՞սն են կարողացել բնակարան ձեռք բերել, տրամադրված գումարը բավարարո՞ւմ է:
«Առ այսօր 119-ից հոգուց միայն 30 հոգին են կարողացել ձեռք բերել բնակարան, չեմ ուզում խորանալ, թե ո՞վ, ո՞նց, ի՞նչ պայմաններով, բայց ձեռք են բերել: Մնացած 90-ը, բնակարանի գնման սերտիֆիկատը ձեռքներին՝ չեն կարողանում որևէ բան անել: Գումարը քիչ է, Նոյեմբերյան քաղաքում երկու-երեք սենյականոց բնակարանը 20.000 դոլարից պակաս չես կարող առնել: Մարդիկ չեն կարողանում ձեռք բերել, իսկ սերտիֆիկատը 1 տարի ժամկետ ունի, 1 տարի հետո գումարը զրոյանում է, բայց այդ մարդը մնում է հերթի մեջ, ոչ մի բան իր կյանքում չի փոխվում: Ո՞նց գնեն մարդիկ, գնան գողություն անե՞ն, մեծ մասը 60-70 տարեկան են, թոշակ են ստանում, ոչ մի բանկ իրենց հիպոթեք էլ չի տա, որ գնան բնակարան գնեն»:
Երևանաբնակներին հերթը դեռ չի հասել: Կարեն Հակոբյանն ասում է՝ չի էլ պատկերացնում, թե ե՞րբ է հասնելու, քանի որ դեռ ընդամենը 3 մարզ է ստացել:
«Շատ սխալ է սպային հիպոթեք տալ, սերտիֆիկատ տալ, ասել՝ գնա գլխիդ ճարը տես: Մինչև այս որոշումը 1600 սպաներ պետությունից անհատույց բնակարան են ստացել: 1 տարի հետո տայիք, բայց սարքեիք՝ նոր տայիք, ոչ թե գումարը տայիք սպայի ձեռքը, որ չիմանար՝ ինչ աներ: Ես վարչապետին էլ եմ ասել, որ այդ գումարը կլինի մարդկանց համար ինքնաթիռի տոմսի գումար, սխեման բացատրել եմ, ասում է՝ խի ես ինքնաթիռի տոմսի փող եմ տալի՞ս, ասում եմ՝ չգիտեմ, թե ինչի փող ես տալիս, բայց այդպես է լինելու»,- ասաց Կարեն Հակոբյանը: