Լռում է ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլ նաև ՀՀ իշխանությունը

Երեկ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝  դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումները խիստ հաճախակիացել են, դրանց շարունակությունն էլ դարձել է երեկվա դիվերսիոն փորձը։ Բայց հետաքրքիր է, որ Իլհամ Ալիևին «կիրթ» համարող Նիկոլ Փաշինյանի իշխանության որևէ ներկայացուցիչ այս միջադեպերի վերաբերյալ ոչինչ չի խոսում։ Չեն հնչում դատապարտող հայտարարություններ ոչ միայն՝ Ադրբեջանի հասցեին, այլ նաև՝ առ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը, և որը պայմանագրայյին պարտավորություններ ունի անդամ երկրների տարածքի դեմ ոտնձգությունների դեպքում ձեռնարկել համարժեք գործողություններ։

ՀԱՊԿ-ը, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի տարածքի դեմ կատարված ոտնձգությունները դատապարտող հայտարարություն անգամ չի անում։

Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նախկին իշխանությունների ժամանակաշրջանում այսօրվա իշխանական նախկին ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին այն բանում, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները։ Այսօր, սակայն, ՀԱՊԿ-ին որևէ մեկը չի մեղադրում, ու ՀԱՊԿ-ից Հայաստանի որևէ իշխանավոր ոչինչ չի պահանջում։ Որովհետև մեղադրել ՀԱՊԿ-ին, նշանակում է՝ անուղղակիորեն մեղադրել առաջին հերթին՝ Ռուսաստանին, որի հետ հարաբերությունների հարցում այդքան քնքույշ ու դողդոջյուն զգացմունքներ ունեն Հայաստանի նոր իշխանությունները։

Տեսանյութեր

Լրահոս