Բաժիններ՝

Հարկադիրը ԿԳՄՍՆ հաշիվներից հօգուտ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի՝ մոտ 950.000 դրամ է բռնագանձել

Տեղեկացրել էինք, որ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայցեր էին ներկայացրել դատարան:

Թատրոնի նախկին տնօրենը հայցադիմում ներկայացրել էր իրեն պաշտոնից ազատելու հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:

Արդյունքում՝ դատարանն անվավեր էր ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Դատական ակտը հրապարակվել էր հուլիսի 4-ին և ուժի մեջ մտել օգոստոսի 4-ին: Արձանագրվել էր, որ նրան աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)) տուգանել էին 800.000 դրամով ու չեղյալ համարել հրամանը:

Վճռի հրապարակումից հետո Մշակույթի նախարարության իրավահաջորդ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդպես էլ չէր կատարել դատարանով սահմանված պարտավորությունները:

«Հարկադիր կատարման ծառայությունը, տեսնելով, որ ձգձգվում է գործընթացը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդպես էլ չի կատարում դատարանով սահմանված պարտավորությունները՝ դիմեց ՀՀ ֆինանսների նախարարությանը, որպեսզի տարանցիկ հաշվից բռնագանձվի գումարը, և արդյունքում, ԿԳՄՍՆ հաշիվներից բռնագանձում կատարեց: Խոսքը մոտ 950.000 դրամի մասին է: Այն դեռևս մեզ չեն տրամադրել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը:

Նշենք, որ դատարանի վճիռը չկատարելու համար հարկադիրը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշիվների վրա կալանք էր դրել: Իսկ ԿԳՄՍՆ-ն էլ դիմել էր ՀՀ կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գումար հատկացնեն` դատարանի որոշումն ի կատար ածելու համար:

Ինչ վերաբերում է թատրոնի աշխատակազմին՝ շուրջ 19 աշխատող չստացած աշխատավարձերի համար դիմել էր դատարան:

«Մեկ տարի է, աշխատողները աշխատավարձ չեն ստացել, ես էլ՝ իմ վերջնահաշվարկը: Ի դեպ, մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցի ապահովման վերաբերյալ հայցվորների ներկայացուցիչների միջնորդությունը բավարարել է, հայցագնի չափով արգելանք է դրել պատասխանող «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի գույքի վրա»,- նկատեց Գայանե Կարապետյանը:

Նրա փոխանցմամբ՝ կոլեկտիվը համառորեն աշխատում է, գյուղերում հանդես են գալիս հյուրախաղերով, վերջերս եղել են Աշոցքում:

Հավելենք, որ մոտ երկու տարի է՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում խառնաշփոթ է: Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի փոխարեն՝ 2019 թ. հունվարի 9-ին ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լիլիթ Փալանջյանը, ում, ինչպես ասում են աշխատակիցները, ոչ ոք այդպես էլ չտեսավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս