«Չեմ ուզում այս ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդել, կարծում եմ՝ սա թյուրիմացության արդյունք է». Վահագն Գևորգյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը որպես մեղադրյալ ներգրավվել է Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար:
Աբովյան համայնքի ղեկավարն այսօր հանդիպեց լրագրողների հետ ու անդրադարձավ առաջադրված մեղադրանքին:
«Կառուցվում էր 19 բազմաբնակարան շենք: Տվել էինք 6 շենքի շինթույլտվություն: Այս հողատարածքները մոտ 20 տարի առաջ աճուրդային կարգով հատկացվել են տարբեր բնակիչների: «Մուլտի գրուպ» կոնցեռնը ձեռք բերեց այս հողատարածքները և դիմեց քաղաքապետարան՝ բնակելի կառուցապատման ծրագիր իրականացնելու համար: Մենք ողջունեցինք, որովհետև մոտ 30 տարի Աբովյան համայնքում բնակելի կառուցապատման շինարարություն չէր եղել: Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի անգործությանը, հաշվի առնելով, որ պաշտոնատար անձը ես եմ, պետք է կասեցնեի կամ քանդման որոշում կայացնեի: Ասեմ, որ երկու անգամ մենք վարչական տույժի ենք ենթարկել կառուցապատողին. մի դեպքում՝ շինարարական աշխատանքներն իր հողում առանց թույլտվության կատարելու համար, մյուս դեպքում՝ համայնքային հող դուրս գալու հետ կապված»,- նշեց Վահագն Գևորգյանը՝ հավելելով, որ կատարվում են գեոդեզիական աշխատանքներ, հարուցված է քրեական գործ, փորձաքննություն է իրականացվում:
Համայնքի ղեկավարը նկատեց՝ մեղադրանքում գրված է նաև այն, որ համայնքի ղեկավարի կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռնի նկատմամբ վարչական տույժ կիրառելը կրել է ձևական բնույթ:
«ՀՀ-ում կլինի՞ մի իրավաբան, ով կհիմնավորի կամ կմեկնաբանի, թե ի՞նչ է նշանակում վարչական տույժ կիրառելու ձևական բնույթը: Կարող է գալ մի ժամանակ, երբ պարզվի, որ նույն դատախազության կամ քննչական մարմինների կողմից հարուցված քրեական գործը կրել է ձևական բնույթ: Ըստ էության, վարույթ է իրականացվել, և օրենքն ու օրենսգիրքն ասում են, որ նման դեպքերում դու պետք է գնաս և վաչական տույժ կիրառես՝ մի դեպքում՝ 200.000 դրամ, մյուս դեպքում՝ 400.000, և տաս կասեցում, ինչը մեր կողմից կատարվել է: Երբ մարզպետարանի ու քաղշինտեսչության ստուգման արդյունքներն էլ եկան, որ համայնքային հողի վրա իրականացվում է կառուցապատում, պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր դիմել ենք «Մուլտի գրուպ» կոնցեռնին՝ աշխատանքները կասեցնելու հետ կապված»,- ասաց Վահագն Գևորգյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ իրենք որոշում են կայացրել չքանդել, որովհետև ծրագիրը լավն է եղել:
«Ինքներս ենք խրախուսել նման ծրագիրը կյանքի կոչելը: Իսկ վնաս, ըստ էության, չկա, որովհետև «Մուլտի գրուպը» անցած տարի դիմել էր համայնքապետարան, որ նույնիսկ, եթե ունեն կադաստրային շեղումներ ու շենքերից որոշները կճանաչվեն ինքնակամ շինություններ, պատրաստակամություն էր հայտնել կադաստրային արժեքի տույժերն ու տուգանքները վճարել և շենքերն օրինականացնել: Եվ, եթե չհամաձայնի վճարները կատարել, շենք-շինությունների համար դիմում և ստանում ենք համայնքային սեփականության վկայական»,- մանրամասնեց Վահագն Գևորգյանը:
Նրա փոխանցմամբ՝ 5-6 ամիս է՝ շինարարական աշխատանքները կասեցված են, քանի որ «Մուլտի գրուպը» դիմել է Աբովյանի համայնքապետարան՝ ինքնակամ կառուցված շենք-շինություններն օրինականացնելու համար:
«Այժմ իրականացվում են չափագրման աշխատանքներ, որից հետո կընթանա շենք-շինությունների օրինականացման գործընթացը: Նախնական տվյալներով՝ մոտ 2000 քմ է զավթել «Մուլտի գրուպը»»,- հայտնեց Աբովյան համայնքի ղեկավարը:
Նա խոսեց նաև մեղադրանքի ուղղորդված լինելու ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ իր հարաբերությունների մասին:
«Ուղղորդող անձը քրեական պատասխանատվության կենթարկվի, ես հետևողական կլինեմ»,- ասաց Վահագն Գևորգյանը՝ չնշելով որևէ անուն:
Ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետի հետ իր ունեցած հարաբերություններին՝ նա նշեց. «Ես լարվածություն չունեմ որևէ անձի հետ: Ես ստացել եմ աբովյանցիների վստահության քվեն: Դեմարշ անել ինչ-որ անձի, պետական կառույցի, այդ մոտեցմամբ դու չես կարող աշխատել: Պետական ինստիտուտները պարտավոր են իրար հետ համագործակցել՝ անկախ նրանից, թե միջանձնային հարաբերություններն ինչպիսին են, իրար սիրո՞ւմ են, թե՞ ոչ: Հիմա աշխատանքային հարաբերություններ են մեր միջև: Ես չեմ ուզում այս ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդել, կարծում եմ, որ սա թյուրիմացության արդյունք է, և ամեն ինչ կճշտվի»:
Աբովյան համայնքի ղեկավարն ընդգծեց՝ այս ծրագիրն իրենք ողջունել են, որովհետև խոսքը 1000 բնակարանի մասին է, և կառուցապատողը հայտարարել է, որ սա սոցիալական ծրագիր է, 1 քառակուսին՝ մոտ 350 դոլար, ինչն աննախադեպ է, ուստի շենք-շինությունները քանդելու որոշում չեն կայացնի: