Բաժիններ՝

«ՀԷԿ-երը ջուրը դրել, չորացնում են, ջհանդամը ներդրումը, եթե գողություն է կատարում». Ֆերմեր

Ֆերմեր Տիգրան Եղոյանն ահազանգում է՝ դաշտերը չորանում են, որովհետև ջուր չկա, և կարծում է, որ Հայաստանում ջրագողություն է կատարվում:

«ՀԷԿ-երը ջուրը դրել, չորացնում են, ջուրը գնում-թափվում է Ադրբեջան: Պոմպակայանների մասին խոսք գնալ չի կարող: Իշխանություններից մեկ ներկայացուցիչ կա՞, որ բարձրաձայնի: Թալինի տարածաշրջանում խորհրդային տարիներին կառուցված պոմպակայանները մնացել են թալանված վիճակում: Արդյո՞ք որևէ մի պաշտոնյա՝ նախարար, պատգամավոր, բարձրաձայնել է այս խնդիրը: Պոմպակայանների մասին թող մտածեն, գումար հատկացնեն, ջուր բերեն: Չկա դա. ջուրը գալիս է Արաքսից, միտումնավոր չեն բերում, որ վաճառեն: Ասում են՝ մարդը ներդրում է կատարել. է՜, ջհանդամը ներդրումը, եթե գողություն է կատարում»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ֆերմերը:

Տիգրան Եղոյանը խոսեց նաև համայնքների միավորման ու գյուղացուն հուզող այլ խնդիրների  մասին:

«Գալիս, 2000-3000 տնտեսություն ունեցող գյուղերին ասում են՝ վերամիավորել: Գեղհովիտի, Աստղաձորի, Վաղաշենի, Լիճքի նման գյուղերին  ասում են՝ եկեք միավորենք: Այդ միավորելն ի՞նչ արդյունք տվեց, որ շարունակում եք: Ես մեկ անգամ ասացի՝ Վայոց ձորից մինչև Արարատն եմ տեսնում: Նայում ենք՝ ամբողջ սարերը դատարկ են: Անասնապահություն չկա, խաղողագործությունն են արդեն վերացնում: Մենք արտահանող երկիր լինելով՝ լոլիկի, կարտոֆիլի, այսօր դարձել ենք ներմուծող երկիր: Գյուղացու մոտ ճգնաժամ է, հավատի կորուստ: Վրաստանում մեքենաներն են միտումնավոր փակում, որ սպիրտը չմտնի գինու գործարաններ, ու  տեխնիկական սպիրտ են բերում: Կրկնվում է հինը, որևէ բան չի փոխվել»,- հավելեց ֆերմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս