Բաժիններ՝

«Միգուցե սա լինի առիթ, որ պետությունն իր պահեստներում ունենա դիմակների անհրաժեշտ քանակ». Դավիթ Պետրոսյան

«Խուճապի նախադրյալներ չկան». ԱՆ ԱԱԻ գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը պնդում է՝ մեր երկրում կորոնավիրուսի պատճառով ստեղծված խուճապն արհեստական է և անհիմն, հատկապես որ, ունենք ընդամենը մեկ դեպք, նա էլ մեկուսացված է, իսկ իր հետ շփված մարդիկ կարանտինի մեջ են:

«Կորոնավիրուսի հիմնական հետևանքը թոքաբորբն է, որը, սակայն, քչերի մոտ է հանդիպում: Ըստ Չինաստանի տվյալների՝ վարակվածների 80 տոկոսը չեն էլ դիմում բժշկի: Սա անգամ էպիկենտրոնում համաճարակ չէր, այլ ուղղակի բռնկում, որովհետև լոկալ էր, աղմուկն էլ հասկանալի չէր: Թոքաբորբով հիվանդացած 20 տոկոսի չնչին մասն է ծանր տանում հիվանդությունը, կորոնավիրուսից մահացությունը 2.7-3 տոկոս է, նշանակում է՝ ծանր տանող 100-ից մահանում են 2-3-ը: Ես չեմ ասում, որ դա փոքր թիվ է, և պետք չէ ոչինչ անել: Ունենք մեկ հաստատված դեպք, ինքը լավ է զգում իրեն, ուրեմն չի մտնի այդ 2-3 հոգու մեջ»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Կարանտինի մեջ գտնվող 30 մարդկանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել՝ պնդում է մասնագետը: Ասում է՝ նրանք մեկուսացվել են «Գոլդեն Փելիս»-ում և ոչ թե՝ հիվանդանոցում այն պատճառով, որ իրենք հիվանդ չեն, հիվանդանոցում լինելու դեպքում կարող էին այլ վարակ ձեռք բերել: Տեղի ընտրությունն էլ պայմանավորված է եղել նրանով, որ այդտեղ այդ պահին հանգստացողներ չեն եղել, տեղանքն էլ բարձր է:  ԱՆ ԱԱԻ գլխավոր խորհրդականը պնդում է՝ հնարավոր չէ բոլորին հսկողության տակ պահել, բայց հնարավոր է կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպել, ինչը և արվում է, հրահանգված է բոլոր բժշկական հաստատություններին: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով տարածված տագնապն ավելի վտանգավոր է, քան բուն հիվանդությունը:

«Տագնապը և քրոնիկ սթրեսն իջեցնում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը և խոցելի են դարձնում մեր օրգանիզմը ցանկացած հիվանդության հանդեպ: Հետազոտություններ են արվել, որոնք ցույց են տալիս, որ գրիպով հիվանդի սենյակ մտնող 5 մարդուց վարակվելու հակված է նա, ում մոտ կա քրոնիկ սթրես: Կարևոր է խուսափել տագնապից և ապրել սովորական կյանքով, քանի որ հակառակ պարագայում ընկնում է նաև մարդու կյանքի որակը: Ստեղծված տագնապն ինչ-որ չափով արդարացված է, քանի որ անծանոթ է վիրուսը, կա ինֆորմացիայի պակաս, ինչը մարդիկ լրացնում են՝ հորինելով, սարսափելի հետևանքների մասին մտածելով»,- ասաց հոգեբանը:

Լիլիթ Խաչատրյանը նաև պնդում է, որ մարդկանց մոտ տագնապը կապ չունի կոնկրետ վիրուսի հետ, և նրանք այդ կերպ արձագանքում են բոլոր տեսակի վիրուսներին ու վտանգներին: Տագնապի մակարդակը, ըստ հոգեբանի, կարելի է իջեցնել միայն բավարար ինֆորմացիայով: Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ կորոնավիրուսը ևս սուր շնչառական վարակ է, իսկ ինչպե՞ս տարբերել այն.

«Կորոնավիրուսը շատ քիչ է առաջացնում վերին շնչուղիների ախտանիշեր, օրինակ՝ հարբուխ չի լինում, հազը քիչ է, փռշտոցը քիչ է, ջերմությունն է միանգամից բարձրանում, դրանից հետո պետք է սպասել թոքաբորբի նշանների: Շատ մեծ կապ ունի նաև՝ տվյալ մարդը որևէ կապ ունեցե՞լ է կորոնավիրուսի օջախների հետ, թե՞ ոչ: Եթե մենք որոշենք, որ բոլոր ջերմողներին պետք է թեստավորենք, թեստերը չեն հերիքի, բայց կպարզվի, որ պետք էլ չէր: Կստացվի, որ վատնեցինք: Թեստեր դեռ ունենք, խմբաքանակի էլ սպասում ենք»:

Մասնագետը չի ժխտում՝ տարբերելը դժվար է, բայց քանի որ վիրուսը Հայաստան ուշ է հասել, աշխարհում արդեն կա կուտակված բավականին մեծ փորձ: Հարցին, թե ինչո՞ւ աշխարհը խուճապի մատնվեց այն դեպքում, երբ մեր վարչապետն ասում է՝ «կորոնավիրուսն ում շունն է», մասնագետը պատասխանեց, որ դա բացատրել հնարավոր չէ, քանի որ փակվեցին, օրինակ՝ թանգարաններ, բայց աշխատում է տրանսպորտը: Դավիթ Պետրոսյանն ասուլիսին երկու դիմակ էր բերել՝ ապացուցելու, որ դեղատներում դիմակներ կան, իսկ դրանց դեֆիցիտը պայմանավորած է նրանով, որ պարզապես մեծացել է սպառումը.

«Սովորական պայմաններում, երբ տարածված վիրուս չկա, կա դիմակների պաշար դեղատներում և պահեստներում, որը համարվում է նորմալ: Ոչ ոք չի բերում իր մոտ պահում անսահման քանակով: Դիմակների ճգնաժամ եղավ ամբողջ աշխարհում, երբ դեղատներն ուզեցին նոր պաշար բերել, պարզվեց, որ չկա, դա միայն մեզ մոտ չէր, ամբողջ աշխարհը պատրաստ չէր»:

Պետրոսյանը պնդում է՝ դեղատներում չէին կարող կանխատեսել, որ նման մեծ պահանջարկ կլինի, հակառակ դեպքում ավելի մեծ քանակ կբերեին ու գումար կաշխատեին, ինչ վերաբերում է դիմակների թանկացմանը: Պետրոսյանի խոսքով՝ դրանից դեղատներն առանձնապես խոշոր եկամուտ չեն կուտակում:

«Միգուցե սա լինի առիթ, որ պետությունն իր պահեստներում ունենա անհրաժեշտ քանակի դիմակներ, քանի որ վիրուսները կրկնվելու հատկություն ունեն: Դրանց ոչնչացման սպեցիֆիկ բուժում չկա: Շատ քիչ վիրուսներ կան, որոնց կարելի է սպանել»:

Մասնագետն առողջ մարդկանց խորհուրդ է տալիս դիմակ կրել միայն մարդաշատ վայրերում, իսկ փողոցում քայլելիս դրանք պարտադիր պայման չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս