Դատապարտում ենք Կրեմլի ոտնձգությունների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության կրավորականությունը. «Սասնա ծռեր»

Իշխանափոխությունից հետո Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդվելու փոխարեն նույնիսկ հետընթաց է արձանագրում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գյումրիում՝ ռուսաստանյան 102-րդ ռազմակայանին օգտագործման համար տրված տարածքում, տեղադրվել է Նիկոլայ 1-ին ցարի կիսանդրին։

Նիկոլայ 1-ինը արյունոտ բռնապետ է եղել։ Նա է լուծարել Հայկական մարզը եւ այդպիսով թաղել է հայոց պետականության վերստեղծման հեռանկարը։

Նրա կիսանդրու տեղադրումը թերեւս ուղերձ է ռուսական կայսերականության ոգու վերածննդի եւ կոշտ գաղութատիրության հաստատման վերաբերյալ։

Այդ մասին են վկայում նաեւ Ռուսաստանում Զորավար Անդրանիկի հուշարձանը հանելու եւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու գործողությունները։

Մինչդեռ Կրեմլի բացահայտ գաղութատիրական նկրտումների ֆոնին գործող իշխանությունը շարունակում է ապստամբներ դատել, նրանցից երկուսին ռազմագերու կարգավիճակով պահում է բանտում եւ չի համարձակվում Հաց Բերողի հուշարձանը դնել Երեւանում։

Առաջին հայացքից թվացյալ այս հակասությունն իրականում շատ օրինաչափ է։

Նիկոլ Փաշինյանը կիսագաղութային համակարգի ադմինիստրատոր Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումից հետո հրաժարվեց հեղափոխությունից եւ դարձավ նրա իրավահաջորդը, որի պատճառով մինչ օրս ստիպված է ոչ միայն հարմարվել ՀՀ ինքնիշխանության նկատմամբ Կրեմլի բոլոր ոտնձգություններին, այլեւ ժամանակ առ ժամանակ դառնալ դրանց սպասարկուն։

Դատապարտում ենք ՀՀ ինքնիշխանության դեմ Կրեմլի ոտնձգությունների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության կրավորականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս