Հայ-վրացական հարաբերություններում արդյունքների պակաս կա. Ինչպիսին պետք է լինի Փաշինյանի վրացական այցի օրակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում նախատեսված են նրա հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«168 Ժամի» հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն նախ արձանագրեց, որ Փաշինյանի այս այցը Վրաստան Գախարիայի նշանակումից հետո առաջինն է՝ հիշեցնելով, որ ամիսներ առաջ Գեորգի Գախարիան էր այցելել Հայաստան անմիջապես իր նշանակումից հետո, որն առավելապես ճանաչողական նշանակություն ունեցավ: Ցինցաձեն նաև հիշեցրեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո հայ-վրացական հարաբերություններում ղեկավարները փորձում էին վստահության նոր մակարդակ ստեղծել Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, ում հետ հանդիպումները կրում էին ոչ միայն՝ պաշտոնական, այլև հաճախակի՝ ոչ պաշտոնական բնույթ, և այդ փուլում այդ ինտենսիվության շնորհիվ փոքր քայլերի ականատեսը դարձանք՝ ինչպես հայ-վրացական բիզնես համաժողովի, այնպես էլ՝ Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

«Սրանք, բնականաբար, չեն արտացոլում մեր հարաբերությունների ողջ ներուժը, բայց դրանք փոքր քայլեր էին, որոնք հնարավոր դարձան նաև անձնական շփումների հաստատման շնորհիվ: Ներկայումս այդ փուլին նմանվող պատկեր չունենք, թե ինչու չեմ կարող ասել, բայց միանշանակ է, որ հարաբերություններում շատ մեծ անելիքներ կան, ուշադրության կարիք կա: Վրաստանի ներկայիս վարչապետն առաջինն էր, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցերը կատարեց Հայաստան և Ադրբեջան, ինչն առիթ տվեց պնդելու, որ Վրաստանի արտաքին քաղաքականության այս ժամանահատվածում իսկապես կա ընկալում, որ արտաքին քաղաքական հարաբերություններում ամենակարևորը հարևանների հետ կայուն և ամուր հարաբերությունների կառուցումն է, միայն արտաքին քաղաքական հստակ կողմնորոշմամբ և միայն այդ ուղղությամբ իրականացվող ջանքերով հնարավոր չէ ունենալ արդյունավետ և անվտանգ արտաքին քաղաքականություն:

Ուստի, ըստ իս, այդ գիտակցումը կա երկու կողմում, սակայն աշխարհաքաղաքական խնդիրներն այնքան շատ ու մասշտաբային են ներկայումս փոքր երկրների համար, որ զուտ աշխատանքային, հանգիստ մակարդակում խնդիրներ լուծելու համար ռեսուրս չի մնում: Իմ կարծիքով՝ մյուս հանգամանքը, որն այստեղ երկակի նշանակություն ունի, այն է, որ հայ-վրացական հարաբերությունները բավականին վստահելի մակարդակի վրա են, մեր երկրները մշտապես իր քաղաքական ընտրություններով փորձել են չվնասել միմյանց, ինչը ձևավորել է հարաբերություններում վստահության ներկայիս մակարդակը: Սա ինչ-որ տեղ խոչընդոտում է զարգացնել հարաբերությունները և բացահայտել տնտեսական ներուժը, քանի որ քաղաքական մակարդակում ամեն ինչ լավ է և տագնապ չկա:

Իր դերակատարությունն ունի նաև այն փաստը, որ Հայաստանն ինքն ունի տարածաշրջանում խնդիրներ հարևանների հետ, Վրաստանն ունի համագործակցություն Թուրքիայի և Արդբեջանի հետ, Վրաստանն ունի խնդիրներ Ռուսաստանի հետ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Սրանք ոչ որոշիչ, բայց ֆոնային հանգամանքներ են հայ-վրացական հարաբերություններում և տնտեսական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին խնդիրներ են»,- ասաց Ցինցաձեն՝ շարունակելով, որ մեր երկրների ղեկավարությունները պետք է խնդիր դնեն՝ հասկանալու, թե ինչն է կոնկրետ խոչընդոտում, և ինչպես աշխատել այդ խնդիրը չեզոքացնելու ուղղությամբ, այլապես հայ-վրացական բոլոր տնտեսական պրոյեկտները կմնան միայն թղթի վրա և կքննարկվեն միայն հանձնաժողովի նիստերի ընթացքում:

Նա համոզված է, որ պրակտիկ աշխատանքի, հաճախակի շփման և խնդիրները քննարկելու կարիք կա: «Որպես ամփոփում՝ նշեմ, որ այս այցերի ընթացքում պետք է քննարկվեն այն հարցերը, որոնք կարող են խոչընդոտել մեր երկրներին՝ ունենալ կոնկրետ տնտեսական արդյունքներ, օգուտներ և այլն»,- նշեց Ցինցաձեն:

Իր հերթին՝ Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ Հայաստանն ու Վրաստանը գլոբալ պրոյեկտների կարիք ունեն, որոնք կսերտացնեն երկու երկրների համագործակցությունը՝ անկախ ամեն ինչից: Մենագարիշվիլին նշեց, որ, ինչպես յուրաքանչյուր երկիր, Վրաստանը ևս ունի խնդիրներ, հակամարտություններ այս կամ այն երկրների հետ, և Հայաստանն այն երկրներից մեկն է, ում հետ քաղաքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են, կա փոխվստահության բարձր մակարդակ, ինչը մեծ բազա է հարաբերություններում: Սակայն, նրա խոսքով, մեր հարաբերությունները դրանով էլ սահմանափակվում են, ծրագրերը՝ հայտարարություններից պրակտիկ փուլ չեն անցնում: Մենագարիշվիլին ևս այն կարծիքին է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում առևտրատնտեսական արդյունքների կարիք կա:

«Չեմ կարող ասել, թե այս այցը որքանով կծառայի այդ խնդրի լուծմանը, բայց եթե մենք ցանկանում ենք ավելին, և կա դրա հնարավորությունը, ուրեմն այն հարկավոր է օգտագործել: Միևնույն ժամանակ՝ տպավորություն է, որ այս հարցերը շատ են քննարկվում, սակայն, առանց որևէ հստակության: Կարծում եմ՝ ինչպես միշտ, այցը կանցնի դրական մթնոլորտում, կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրավիճակը տարածաշրջանում և դրանից դուրս՝ Մերձավոր Արևելքում Սիրիա-Ռուսաստան-Թուրքիա-Իրան հակամարտությունը, ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, վրաց-ադրբեջանական հարաբերությունները, Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքը, դրա գործունեությունը, ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ մասնակցության հարցը, իսկ որքանով կլինի արդյունավետ, կտա կոնկրետ արդյունքներ, ցույց կտա ժամանակը»,- նշեց Մենագարիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031