Լոնդոնն ակնկալում է Վաշինգտոնի հետ ապրանքաշրջանառությունն ավելացնել 20 մլրդ դոլարով
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կավելացնի 15,3 մլրդ ֆունտ ստեռլինգով (20 մլրդ դոլարով), իսկ ուղղակի օգուտը Միացյալ Թագավորության տնտեսության համար կկազմի 3,4 մլրդ ֆունտ (4,4 մլրդ դոլար): Այս գնահատականը տեղ է գտել Լոնդոնի ու Վաշինգտոնի միջեւ առեւտրական բանակցությունների ռազմավարության մեջ, որը տարածվել է մարտի 2-ին։
Բուն բանավեճերը պետք է մեկնարկեն ավելի ուշ այս ամսին եւ հաջորդաբար տեղի ունենան Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի տարածքում: Բանակցորդների բրիտանական թիմի ղեկավար է նշանակվել թագավորության արտաքին առեւտրի նախարարության գլխավոր խորհրդական, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն առընթեր Նոր Զելանդիայի նախկին գլխավոր բանակցորդ եւ մշտական ներկայացուցիչ Քրոուֆորդ Ֆալքոները: Ըստ Լոնդոնի հաշվարկների, բրիտանական կողմում սկսվող բանակցություններից առավել մեծ շահը կստանան կերամիկայի, ավտոմեքենաների, պարենամթերքի եւ խմիչքների արտադրողները, ինչպես նաեւ փաստաբաններն ու ճարտարապետները:
ԱՄՆ-ի հետ առեւտրական բանակցություններն սկսվում են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան լույս փետրվարի 1-ի գիշերը դուրս եկավ ԵՄ-ից՝ վերջ դնելով իր անդամակցությանը եվրոպական հանրակցությանը, որը տեւել է 47 տարի: Դա նրա համար հնարավորություններ է բացել առեւտրական գործարքներ կնքել ամբողջ աշխարհում՝ առանց այն սահմանափակումների, որոնք կապված են Եվրամիության կազմում գտնվելու հետ: ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցնում թագավորության առեւտրական գործընկերների ցուցակում, 2018 թվականին նրան է բաժին ընկել 123,5 մլրդ ֆունտ (160 մլրդ դոլար) գումարի բրիտանական ապրանքների ու ծառայությունների արտահանումը եւ 78 մլրդ ֆունտ (101 մլրդ դոլար) գումարի ներմուծումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: