Բավրայի մաքսակետի նախկին պետը դիմել է ՍԴ. բողոքը վարույթ է ընդունվել
Կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու համար մեղադրվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի նախկին պետ Երեմ Մարգարյանը դիմել է Սահմանադրական դատարան «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը վիճարկելու համար:
Առաջին ատյանի դատարանը Երեմ Մարգարյանին մեղավոր է ճանաչել, Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի որոշումը թողել է ուժի մեջ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել: 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նարե Ավետիսյանը՝ հավելելով, որ հիմա նախապատրաստում են բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար, նաև դիմել են Սահմանադրական դատարան:
Փաստաբանի խոսքով՝ Երեմ Մարգարյանի մեղադրական դատավճռի հիմքում դրված միակ ապացույցը եղել է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը: Նարե Ավետիսյանն ասաց, որ կաշառքի գործերով լինում են տարբեր օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կաշառքի նմանակում, արտաքին դիտում, ներքին դիտում, անձի մոտ հայտնաբերվում է կաշառք տված գումարը, և այլն: Երեմ Մարգարյանի գործով այդ ամենը չի եղել:
«Երեմ Մարգարյանի մոտ գումար չեն հայտնաբերել, ենթադրյալ կաշառք տվող անձը դատարանում նշել է, որ այդ կաշառքը չի տվել Երեմ Մարգարյանին, այսինքն՝ այն գումարը, որը տվել է մեկ այլ անձի, չի հանդիսացել դատարան բերված Երեմ Մարգարյանը: Կար մի ապացույց՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, որը դրվել էր դատավճռի հիմքում»,- ասաց փաստաբանը:
Վարույթն իրականացնող մարմինը Երեմ Մարգարյանին գաղտնալսելու մասին դատարանի որոշում չի ունեցել: Վարույթն իրականացնող մարմինն ունեցել է գործով մեկ այլ մեղադրյալի՝ Արմեն Էբոյանին գաղտնալսելու որոշումը:
«Այդ անձի գաղտնալսման արդյունքում պարզվել էր, որ այդ անձը հեռախոսային խոսակցություն է ունենում Երեմ Մարգարյանի հետ, որի արդյունքում, ըստ վարույթն իրականացնող մարմնի, ստացել էին կաշառքի վերաբերյալ տեղեկություն»,- ասաց Նարե Ավետիսյանը:
Փաստաբանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն ունեցել է որոշում, որը կարգավորվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով: Ըստ այդմ վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի գաղտնալսելու նաև տվյալ անձի հետ հեռախոսային խոսակցություն ունեցող, փոխկապակցված այլ անձանց: Ստացվում է, որ մեկ անձին գաղտնալսելու դատարանի որոշումը հնարավորություն է տալիս գաղտնալսել այդ անձի հետ խոսակցություն ունեցող անորոշ բազմաթիվ անձանց:
Ն. Ավետիսյանի դիտարկմամբ՝ կա ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդված, որի համաձայն՝ անձի հեռախոսային խոսակցությունները կարող են գաղտնալսվել միայն դատարանի որոշմամբ: Իսկ օրենսդրությամբ՝ փոխկապակցված անձանց գաղտնալսելու վերաբերյալ դատարանի որոշման պահանջ առկա չէ:
«Տվյալ դեպքում այս օրենքը, որը հնարավորություն է ընձեռում գաղտնալսելու նաև այլ անձանց, հակասում է Սահմանադրությանը: Հենց դա է ՍԴ մեր բողոքի հիմքում»,- 168.am-ին ասաց փաստաբանը:
Այսօր Երեմ Մարգարյանն ազատության մեջ է: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը կիրառել էր խափանման միջոց կալանավորումը, ապա վերաքննիչ քրեական դատարանը կիրառեց գրավը, հետագայում՝ Վերաքննիչ քրեական դատարանը համաներմամբ նրան ազատ է արձակել:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այն հանգամանքը, որ մեղադրանքը առաջադրվել է, ապա մեղադրական դատավճիռ է կայացվել մեկ փաստի, իրենց պնդմամբ, անօրինական գաղտնալսման հիմքով, դատարանում չեն բարձրաձայնել, կամ եթե բարձրաձայնել են, ապա ի՞նչ արձագանք են ստացել, փաստաբանն ասաց, որ առաջին ատյանի դատարանում Մարգարյանի շահերն իրենց փաստաբանական գրասենյակը չի ներկայացրել, ապա պատմեց Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցածի մասին:
«Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող գործի քննության ժամանակ գրավոր երկու միջնորդություն էինք ներկայացրել՝ գաղտնալսումներն անթույլատրելի ճանաչելու և գործի վարույթը կասեցնելու և այս հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ: Դատավոր Դանիելյանը տեղում խորհրդակցելով՝ որոշել էր մերժել միջնորդությունները՝ դատարանում պատճառաբանություններ չներկայացնելով»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ ժամանակ մտածել են, որ դատավորը հետագայում դատարանի որոշման մեջ կներկայացնի միջնորդությունը մերժելու հիմքերը: Բայց դատավոր Արմեն Դանիելյանը դատական որոշման մեջ անգամ չի նշել, որ պաշտպանը նման միջնորդություններ է ներկայացրել դատարանում:
Փաստաբանի խոսքով՝ միգուցե ՍԴ-ն չբավավարի իրենց բողոքը, սակայն ամեն դեպքում այս իրավահարաբերությունները գոնե կկանոնակարգվեն, քանի որ, Նարե Ավետիսյանի խոսքով, հիմա առկա է անորոշ իրավական դաշտ գաղտնալսման առումով, տեսականորեն այժմ ցանկացած քաղաքացու, անգամ առանց դատարանի որոշման, կարող են գաղտնալսել: