«Խոցելի խմբի մեջ մտնում են ծանր կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող շրջանակը». Խաչատուր Գասպարյանը՝ կորոնավիրուսի մասին
Վիրուսների տարածման պայմաններում իհարկե համամարդկային խուճապն անխուսափելի է: Սակայն ինչպես ասում են՝ տագնապն ավելի շուտ է մարդկանց շարքից հանում, քան վիրուսը: Այս շրջանում ամենաարդիական կորոնավիրուսի հոգեբանական ազդեցությունների մասին Intra Mental Health Center-ը զրուցել է Ինթրայի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:
– Ինչու՞ է խուճապն այսքան արագ տարածվում:
– Ընդհանրապես, տագնապի բացասական հետևանքներից մեկն այն է, որ այն, փոխանցելով մեկը մյուսին (հատկապես՝ ոչ մասնագիտական շրջանակներում) կարող է առաջացնել ընդհանուր խուճապի տրամադրություններ, հուսահատություն, անվստահություն: Մարդը՝ ցանկացած homo sapiens, ամբողջ կյանքի համար ունի չլուծված խնդիր՝ մահվան խնդիրը: Եվ ամեն անգամ, երբ նման իրավիճակներ են լինում, մարդու մոտ նորից բարձրանում է այդ թաքնված մահվան վախը: Եվ ամեն անգամ կորոնավիրուսի մասին քննարկելիս, խոսելիս, լարվելիս չի մտածում, որ սա իր մոտ մահվան վախի ևս մեկ դրսևորում է: Վախը բարձրանում է մի կողմից անգիտակցություն և ստանում տագնապի տեսք, մյուս կողմից գիտակցություն՝ մահվան խնդրի տեսք, և սկսում է նրան անհանգստացնել:
– Ինչպե՞ս հասկանալ, որ զգուշությունը դուրս է գալիս նորմայի սահմաններից և դառնում տագնապ:
– Մենք զգուշավորությամբ կամ որոշակի վախերով մեզ պաշտպանում ենք վերահաս վտանգնեից: Օրինակ՝ զգույշ ենք քայլում սառույցի վրա, որ չսայթաքենք, վնասվածքներ չունենանք: Սա պաշտպանական նշաննակություն ունեցող զգուշավորություն է: Բայց երբ ջերմաստիճանը +20 է, մտածենք.«բա որ սառույց լինի, ու ես ընկնեմ… հետո բա որ վնասվեմ ու ընկնեմ հիվանդանո», սա կդառնա հիվանդագին տարբերակ, երբ մենք չափազանցնում ենք մեր իրականությունը: Իսկ այս պահին մեր իրականությունը բավականին ապահով իրականություն է, եթե նույնիսկ համեմատենք մեր հարևան պետությունների հետ: Իրատեսական գնահատականը, այն է, որ կա իրական և երևակայական վախեր, տագնապներ, զգուշավորություններ: Բայց քանի որ մենք անընդատ տրավմային սպասող ազգ ենք և փորձ էլ ունենք տրավմայի, մեզ համար ցանկացած իրավիճակ ի վնաս մեզ մեկնաբանելու, նոր տագնապներ փնտրելու, նոր պրովոկացիաներ և մանիպուլյացիաներ փնտրելու առիթ է դառնում, որովհետև մեզ հետ ի սկզբանե անարդար են վարվել: Մեր ազգը գերզգայուն է նման իրավիճակներում: Ես կուզենայի մենք ավելի սթափ գնահատեինք այսօրվա իրավիճակը, որովհետև այն քիչ երկրներից ենք, որ չունեն գրանցված դեպք:
– Ինչպիսի քայլեր կիրառել, որպեսզի չտրվել չհիմնավորված վախերին:
– Ինչպես արդեն նշեցի այս պահին Հայաստանում չկա որևէ նման դեպք: Երկրորդը՝ եթե լինի, ապա բոլոր անհրաժեշտ միջոցառումները նախապատրաստած են: Երրորդը՝ պետք է նկատի ունենալ, որ խնդիրը առաջացնում է ճակատագրական հետևանքներ այն պարագայում, եթե մարդը ունի մի շարք այլ խնդիրներ: Խոցելի խմբի մեջ մտնում են ծանր կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող շրջանակը, այսինքն՝ չի նշանակում, որ բոլորին մահ է սպառնում: Արդեն Չինաստանում էլ օրըստօրե պակասում է մահերի թիվը, ինչը նշանակում է, որ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ արդեն հետևանք ունեն:
Ուզում եմ նշել, որ հատկապես հայ ժողովուրդը կրիտիկական իրավիճակներում շատ ավելի համախմբված և ավելի կազմակերպված քայլերի է դիմում: Ես ուզում եմ վստահեցնել բոլորին, որ այն մասը, որը բարդացնում է իրենց հոգեվիճակը սեփական տագնապայնության, ներշնչանքի, խուճապի զգացումներով… այդ մասով հետ գնացեք ելման դրություն: Այս պահին շնորհավորում եմ բոլորին, որ Հայաստանում ոչ ոք դեռ վարակված չէ: Մնացեք այս ուրախ լուրի մակարդակում: