Իշխանության պահպանման «բանաձևը»

Շատ է խոսվել այն մասին, որ գործող իշխանությունները հասարակությունը բաժանել  են տարբեր խմբերի ու փորձում են մարդկանց զգացմունքների ու սրտի նուրբ լարերի վրա խաղալով՝ տարբեր հարցերում հաջողության հասնել։ Նրանում, որ «ժողովուրդը միշտ ճիշտ է» և «ժողովրդին ոչ ոք չի կարող դեմ դուրս գալ» արտահայտությունները դարձել են Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի կարգախոսները, համոզվել ենք վաղուց, սակայն պետք է հստակ հասկանալ, թե ո՞վ է «ժողովուրդ»-ը, ո՞ր դեպքերում է նա կարևորում ժողովրդի կարծիքը, և ո՞ւմ է պատրաստվում ծառայել Փաշինյանը։

Հանրության երկատվածության ու շերտավորման գործում ամեն ջանք գործադրած իշխանությունն այսօր քաղում է իր քայլերի պտուղները, երբ հանրության մի հատվածն ամբողջությամբ ու կուրորեն հավատում է ու «ավե» ասում Նիկոլ Փաշինյանին, մյուս մասը՝ հակառակը՝ մերժում է, ու հակակրանքից բացի՝ ոչինչ չի տածում օրվա իշխանության հանդեպ։ Եվ սա բնական է, քանի որ այդպես ուզեց Փաշինյանը, քանզի իշխանության գալու առաջին իսկ րոպեից սկսեցին հասարակության մեջ տարբեր սելեկցիոն աշխատանքներ իրականացնել՝ սկսած պետական համակարգում աշխատողներից, լրատվականներից՝ մինչև վերջին շարքային պահակը։ Նա մերոնքականների և ոչմերոնքականների բաժանեց հասարակությանը՝ պաշտոնների նշանակելով միայն յուրայիններին:

Օրվա իշխանության սխալներից էր նաև այն, որ նա ամեն ինչում սկսեց մեղադրել նախկիններին և մոլագարի նման ամեն ինչում փնտրել մեղավորներ։ Ցանկացած ձախողման մեջ, որին ականատես էինք լինում վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում, մեղավոր էին բոլորը, բայց ոչ երբեք՝ իր «հեղափոխական» թիմը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Փաշինյանի թիմից Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կարճ ժամանակում հայտնի դարձան կոռուպցիոն լուրջ գործարքներով:

Իշխանությունները հասարակության մոտ ՀՀ նախկին նախագահների և պետական գործիչների նկատմամբ հակակրանք ստեղծելով և նրանց կառավարման ժամանակներից եղած դժգոհությունը մուլտիպլիկատիվ էֆեկտով աճեցնելով՝ իրենք իրենց համար փոս են փորում՝ մոռանալով, որ օրերից մի օր իրենք նույնպես լինելու են նախկին իշխանություն։

Նշենք մի կարևոր հանգամանք․ մարդկանց մոտ կա այնպիսի տպավորություն, որ, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը զրկվեն անազատությունից, իսկ մնացած նախկին իշխանությունները աքսորվեն կամ, ասենք, գնդակահարվեն, իրենք կսկսեն ապրել իդեալական պայմաններում։ Սա այն հերթական մանիպուլյատիվ հնարքն է, որը հաջողությամբ կիրառվում է Փաշինյանի կողմից՝ մարդկանց մատուցելով հերթական տեսարանը։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանաշրջաններն անընդհատ հիշատակում են, ատելություն տարածում, սակայն խնամքով թաքցնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածը: Նույնիսկ «Մարտի 1»-ի գործով իրավապահ մարմինները շրջանցում են Տեր-Պետրոսյանին և Փաշինյանին:

Օրինակ, Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարության առնչությամբ իշխանությունների ջանքերով ստեղծված հանրային հրավառությունը վկայությունն է այն պարզ իրողության, որ մենք ապրում ենք բարոյական անկման և մարդկային արժեքների ձևախեղման ժամանակաշրջանում։ Տպավորությունն այդպիսին է, քանի որ մարդկային ուրախությունն ամենևին էլ պայմանավորված չէ նրանով, որ գործը շինծու է, իսկ մեղադրանքը՝ «ջուր», այլ բնակչության մի զգալի մասի ակնկալածը հեղափոխական տեռորն է. բոլորին գնդակահարել։

ԱՄՆ նախագահներն ունեն մի բարի ավանդույթ․ ամեն տարի ԱՄՆ-ի գործող և  պաշտոնաթող նախագահները միասին լուսանկարվում են՝ այդ կերպ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ գոյություն ունի պետության շարունակականություն։ Անթույլատրելի է մաքրել անցյալում տեղի ունեցած ամեն ինչ և փորձել ամեն ինչ սկսել նոր էջից,  նոր ձևաչափով, դա, անխոս, ունենալու է անդառնալի հետևանքներ և էլ ավելի է մեծացնելու հասարակության մեջ ատելության չափաբաժինը։ Այդ լուսանկարով ԱՄՆ նախագահներն ուղղակի մեսիջ են հղում հասարակությանը՝ ապացուցելով, որ իրենք ընդամենն ընտրված մարդիկ են, իսկ ամենակարևորը և բարձրարժեքը պետական շահն է, պետությունը՝ որպես ինստիտուտ։ Այլ կերպ ասած՝ փոխվում են միայն մարդիկ, իսկ արժեքներն ու ինստիտուտները մնում են անփոփոխ։ Այլ խոսքով՝ եթե Փաշինյանը նման անհեռատես քայլերով փորձում է ամրապնդել իր իշխանության հիմքերը, ապա նրան շատ կարճ ճանապարհ է սպասվում, քանի որ, որպես կանոն, նման քայլերը հասցնում են կատարյալ ձախողման։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս