Հայաստանի տնտեսությանը սպառնացող վտանգները. մինչև ո՞ւր կարող են դրանք հասնել

Նախորդ տարի արձանագրված բարձր աճը, կարևոր չէ, թե դա ինչի արդյունք էր, ոգևորել է կառավարությանը։ Ընթացիկ տարին դեռ նոր սկսված՝ վարչապետը հայտարարեց, թե որն է լինելու 2020թ. տնտեսական աճի ակնկալիքը. «Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից»:

Բարձր տնտեսական աճի համար, ըստ նրա, բոլոր նախադրյալներն առկա են։ Թեև անհասկանալի է, որ, եթե այդպես է, ինչո՞ւ է կառավարությունն այդքան համեստ աճ պլանավորել։

Հիշեցնենք, որ պետական բյուջեով՝ 2020թ. ակնկալիքն ընդամենը 4,9 տոկոս է։

Թե տնտեսական բարձր աճի ի՞նչ նախադրյալների մասին է խոսքը, հայտնի չէ։ Ամեն դեպքում, տարվա մեկնարկն այնքան էլ դրա օգտին չէ։ Տնտեսական աճի համար ի հայտ են եկել նոր ռիսկեր։ Չնայած մինչ այդ էլ դրանք քիչ չէին։

Որքան էլ էկոնոմիկայի նախարարը հայտարարի, թե Հայաստանի տնտեսության վրա Չինաստանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը չնչին կլինի, այնուհանդերձ, մեր երկիրն անմասն չի մնա դրանից։ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը, ու դժվար է հավատալ, որ այդ հարաբերությունները չեն տուժելու։ Սակայն ավելի շատ են անուղղակի վտանգները, ու դրանք գալիս են, առաջին հերթին՝ միջազգային շուկաներից։ Չինաստանն աշխարհում հումքային ապրանքների, այդ թվում՝ պղնձի խոշոր սպառողներից մեկն է։ Սպառման կրճատումը չի կարող չազդել գների վրա։ Մի բան, ինչը արդեն նկատվում է։

Միջազգային շուկայում պղնձի գինը վերջին 1 ամսում նվազել է տոննայի հաշվով 600-700 հազար դոլարով։ Այն ավելի ցածր է նաև՝ նախորդ տարվա համեմատ։ Եթե անցած տարվա սկզբին պղնձի գինն անցնում էր 6,4 հազարից, ապա հիմա տատանվում է 5,7 հազար դոլարի սահմաններում։

Սա քիչ տարբերություն չէ շուկայի մասնակիցների համար։ Այս պահին դրական չեն նաև հետագա կանխատեսումները՝ կապված՝ ինչպես Չինաստանի, այնպես էլ՝ համաշխարհային տնտեսության մեջ ի հայտ եկած ռիսկերի հետ։

Իսկ թե պղինձն ինչ դեր ունի Հայաստանի տնտեսության համար, նորություն չէ։ Դա շատ լավ արտահայտվեց նաև անցած տարվա տնտեսական ցուցանիշներում։ Քանի դեռ պղնձի արտադրությունը կաղում էր, արդյունաբերությունը լուսանցքում էր հայտնվել։ Բայց երբ այն ակտիվացավ՝ աշխուժացավ նաև արդյունաբերության աճը։

Հայաստանի տնտեսության վրա հանքահումքային ապրանքների միջազգային շուկաների ազդեցությունը կարող է արտահայտվել նաև միջնորդավորված ձևով՝ կապված նավթի գների հնարավոր նվազման հետ։ Նման իրավիճակների Հայաստանը բազմիցս բախվել է։

Միջազգային շուկաներում նավթի գները տարեսկզբին բավականաչափ նվազել են։ Հիմա դրանք ավելի ցածր են՝ նաև նախորդ տարվա սկզբի համեմատ։

Հայաստանի տնտեսության համար այս հատվածից թելադրված ռիսկերն ակնհայտ են։ Բայց դրանք միայն այդ գործոնով չեն պայմանավորված։

Պակաս կարևոր չեն նաև տարածաշրջանային ռիսկերը։ Դրանք կապված են, առաջին հերթին՝ Իրանի հետ։ Կորոնավիրուսն ընդհուպ մոտեցել է Հայաստանի սահմանին։ Հայաստանը հայտարարեց Իրանի հետ սահմանը ժամանակավոր փակելու մասին։ Իսկ դա նշանակում է, որ սառելու են նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունները։ Առանց այդ էլ այստեղ քիչ ռիսկեր չկային՝ պայմանավորված Իրանի և Միացյալ Նահանգների միջև առկա հակամարտության հերթական սրացմամբ։ Սպառնալիքի տակ են հատկապես այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են իրանական կապիտալով։

Խոսքը հատկապես Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ էլեկտրագծի կառուցման մասին է, որի շահագործման ժամկետն առանց այն էլ բազմիցս հետաձգվել է։ Անցած տարվա սկզբին ակնկալվում էր, որ շինարարությունը կավարտվի սեպտեմբերին։ Սակայն աշխատանքների դանդաղ ընթացքի պատճառով սեպտեմբերին այն հետաձգվեց մինչև այս տարվա վերջ։ Հիմա այդ ժամկետն էլ հարցականի տակ է։ Ու չի բացառվում, որ շատ շուտով այն ևս վերանայվի։

Նախանշված հայ-իրանական մյուս ծրագրերի մասին այս պահին նույնիսկ անիմաստ է խոսել։

Ակտիվությամբ չեն փայլում նաև առևտրաշրջանառությունները։ Հրապարակված վերջին տվյալներով՝ Հայաստանից արտահանումն Իրան նույնիսկ նվազել է՝ պայմանավորված, առաջին հերթին՝ էներգետիկ համագործակցության շրջանակներում իրանական շուկա մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմամբ։ «Էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց»  ծրագիրը որքան էլ կարևոր է Հայաստանի համար, այնուհանդերձ վերջին շրջանում այն հարթ չի ընթանում։ Նվազել է՝ ինչպես էլեկտրաէներգիայի արտահանումը, այնպես էլ՝ իրանական գազի ներմուծումը։

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում որոշակի հույսեր են կապվում ԵԱՏՄ և Իրանի միջև կնքված և անցած տարվա հոկտեմբերից գործողության մեջ մտած ազատ առևտրի համաձայնագրի հետ։ Բայց այս պահին այդ հույսերն այնքան էլ չեն արդարանում։ Անորոշություններն այստեղ ավելի շատ են, քան լավատեսությունը։

Հայաստանի տնտեսությունը կարող է վնասներ կրել նաև զբոսաշրջության ոլորտում։

Համաշխարհային շուկաներից և տարածաշրջանային զարգացումներից բացի, առկա են նաև այլ ռիսկեր, որոնք ևս «հարվածի» տակ են դնելու տնտեսական աճը։ Չի լինելու տրանսպորտային միջոցների աննախադեպ ներմուծման ազդեցությունը, ինչի արդյունքում անցած տարի շահեց ոչ միայն պետական բյուջեն, այլև տնտեսությունը։ Ընդ որում՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի ճանապարհով։ Տնտեսական զարգացումներում այդ գործոնի ազդեցությունն այլևս զրոյական է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ավտոմեքենաների շուկան կանգնած է ճգնաժամի եզրին, և առայժմ չեն երևում այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհները։

Այնպես որ, չնայած վարչապետի լավատեսությանը, որ բարձր տնտեսական աճի համար բոլոր նախադրյալներն առկա են, այս փաստերն այլ բանի մասին են խոսում։ Հատկապես որ, դրանք այսքանով չեն ավարտվում։

Հայտարարած 8-9 տոկոս ցուցանիշին հասնելու համար հարկավոր են լուրջ ներդրումային ծրագրեր։ Առավել ևս, որ դրանց հիմքերը պիտի դրված լինեին նախորդ տարի, բայց չեն դրվել։ Այլ բան է, եթե կառավարության հույսը դարձյալ ՀԴՄ-կտրոններն են ու խաղային բիզնեսը, որոնք դարձել են Հայաստանի տնտեսության աճի առաջատարները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս