Երբ քաղաքական կամ որևէ օրակարգ չունես…
Իշխանափոխության առաջին իսկ օրից խոսվում է իշխանության եկած թիմի մասնագիտական անփորձության ու պրիմիտիվության մասին։ Դեռևս էյֆորիկ տրամադրություններ, գործող հեղափոխական իշխանություններից սպասելիքներ ունեցող շատերի կողմից հաճախ ենք լսում՝ «հակահեղափոխականներն ամեն ինչ մանիպուլյացնում են», «թողեք՝ աշխատեն», և այլն, սակայն դրան զուգահեռ՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում իշխանության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների հերթական բացթողումներին, անպատասխանատու հայտարարություններին ու գործողություններին։
Ինչպես հայտնի է՝ գործող իշխանությունների ներկայացուցիչներից շատ-շատերը խուսափում են բանավեճային հարթակներում հանդես գալ, ավելին՝ գերադասում են միայն առնչվել այն լրատվամիջոցների հետ, որոնք իրենց անհարմար, սուր հարցադրումներ չեն անի: ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորների մեծամասնությունը ներկայացնում է ոչ թե՝ սեփական տեսակետը, այլ՝ ինչպես հրահանգում է իրենց քաղաքական լիդերը։ Հասկանալի է, որ կուսակցական կամ խմբակցության ֆորմատով հանդիպումների ժամանակ տրվում են հանձնարարականներ՝ ով ինչ «գծի մեջ» խոսի՝ հիմնականում բացելով Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր առիթներով հնչեցրած թեզերը։
Նախօրեին իր հարցազրույցներից մեկում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ն. Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը որոշակի հետաքրքիր արտահայտություններ հնչեցրեց, որոնք արժե ավելի խորքային ուսումնասիրության առարկա դարձնել։
Հակոբյանը նախ՝ հայտնեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից Փաշինյանի ընտանեկան թերթին դատի տալու հետ կապված, հնարավոր է՝ երևան գան նոր փաստեր, որոնք հանրության մոտ լուրջ տպավորություն կթողնեն։ Եվ ամենազավեշտալին. հարցազրույցի առանցքում նա հայտարարեց, որ «նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ, որոնք այսօր կարողանում են հանգիստ ու ապահով տեղաշարժվել ու զբոսնել քաղաքում, դա Նիկոլ Փաշինյանի շնորհքն է»։
Նման նարցիսական, ինքնասիրահարված մեծարանք անգամ ժամանակին Ստալինին չէր ձոնվում, իսկ մեր օրերում «դեմոկրատ» Նիկոլին՝ որպես մեծն «հումանիստի և մոլեռանդ մարդասերի», փառաբանում են օրը ցերեկով։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենի մասին աներձագ Հրաչյա Հակոբյանն ակնարկում է ատելության քարոզի մասին խոսակցության ենթատեքստում։ Ամենօրյա ռեժիմով տոտալ ատելություն քարոզող ու բևեռացման մթնոլորտ ստեղծող Փաշինյանի մերձավորը խոսում էր այնպես, ասես հեռուստադիտողը հիմար է կամ ոչինչ չի հիշում։ Իր փեսայի հռետորաբանությունից չկտրվելու համար՝ նա նույնպես մի քանի անգամ հիշեց նախկին իշխանություններին, նշեց, թե ինչքան «վատն են ՀՀԿ-ականները», մի քանի «դատաիրավական գոհարներ» հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված՝ նշելով, որ նրա աջակիցները չեն անցնում 10-12 հոգին։
Մեկ անգամ արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ Հակոբյանը մի յուրահատուկ «ժուչոկի» դեր է կատարում և հանրայնացնում է փաշինյանական ընտանիքի այն հատվածը, որը Նիկոլն ինքն անձամբ չի ուզում հնչեցնել, իսկ թերթի խմբագրականում դրա մասին գրելու դեպքում՝ այն կկորցնի իր «ազդու ու սենսացիոն» լինելը։ Այսինքն՝ Հակոբյանը խոսում է այն թեմաների մասին, որոնք առաջնային են հենց վարչապետ փեսայի համար։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր հատվածում տեղի ունեցող խմորումներն ու հընթացս տեղի ունեցող զարգացումներն իրենց մեջ Փաշինյանի համար բավականին ռիսկեր են պարունակում, ինչքան էլ տարբեր առիթներով ինքը՝ Փաշինյանն է քմծիծաղով արտահայտվում՝ նշելով, թե «ինքը վայելում է ժողովրդի քվեն», կամ «ոչ ոք չի կարող հակադրվել ժողովրդի կամքին», այնուամենայնիվ, յուրաքանչյուր վերադասավորում ու կոնսոլիդացիոն ռիսկ պարունակող գործընթաց նրա կողմից միանգամից թիրախավորվում է։
Խոսելով պատգամավորական թիմի նաիվության մասին՝ անդրադառնանք փաշինյանական թիմի ևս մի անփորձ ներկայացուցչի, ով մինչ պատգամավոր դառնալը մի քանի ամիս Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն էր։ Երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերից ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը զբաղված էր քաղաքական մարազմով։ Իր ոչ մի պնդման մեջ նա լուրջ ու հիմնավոր փաստարկված հոդաբաշխ միտք չներկայացնելով՝ փորձում էր ընդամենը խոսել «օդում կախված» լուրերի մակարդակով և կենցաղային դիտարկումներ ներկայացնում։ Նրա կարծիքով՝ սահմանադրական հանրաքվեի հարցի և ճանապարհների ասֆալտի որակի միջև կապի մասին Փաշինյանի պնդումը լիովին արդարացված է, քանի որ այդ կերպ իրենք ներկայացնում են նախկին իշխանության գործունեության արդյունքները. «Քարոզչության մեջ պետք է նախկին իշխանության գործունեության օրինակներ բերենք, ինչպես, օրինակ, ասֆալտի չարաշահումները: ՍԴ-ն անմիջական կապ ունի այդ ամենի հետ»:
Այս միտքը զավեշտալի է այնքանով, որ այնպիսի տպավորություն էր, թե շինարարական տենդերների հետ կապված դատական գործերը քննում է ՍԴ-ն, և ՍԴ կազմի փոփոխությունը պետք է տեղի ունենա օր առաջ։ Իշխանական թիմի մոտ կա համատարած մի կարծիք, որից նրանք չեն կարողանում ազատվել և ադեկվատ դատողություններ անել։ Նրանց բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենց ուղղված քննադատությունն ուղղված է ժողովրդին, իսկ իրենց կողմից արտահայտած յուրաքանչյուր կարծիք ասվում է ժողովրդի կողմից։
Արթուր Գասպարյան