«Հանրաքվեն մեզ հեռացնում է հիմնական նպատակից՝ ո՛չ «Այո»-ն, ո՛չ «Ոչ»-ը չեն հանգուցալուծելու պետության առջև կանգնած խնդիրները». Նարինե Դիլբարյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունները միանշանակ պետք է կատարվեն հանրաքվեի միջոցով, սա և՛ օրենսդրության պահանջն է, և այնպիսի վճռական թուղթ, ինչպիսին Սահմանադրությունն է, պետք է ստանա ժողովրդի վստահության քվեն։
«Կարծում եմ՝ մեր պետության հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք առ այս պահն էլ չունենք բոլորի կողմից ընդունված հիմնական փաստաթուղթ, այսինքն՝ Սահմանադրության ինչ ընտրություններ էլ եղել են, դրանց արդյունքները եղել են վիճելի։ Սակայն այս հանրաքվեն առանձնանում է, և «Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ հանրաքվեն մեզ հեռացնում է հիմնական նպատակից, այսինքն՝ իրապես Հայաստանի շահերն արտահայտող Սահմանադրության ընդունումից, և առաջացնում բազմաթիվ մեծ հարցականներ, ուստի մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ ո՛չ «Այո-ն», ո՛չ «Ոչ»-ը ճանապարհ չեն՝ հանգուցալուծելու պետության առջև կանգնած խնդիրները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Ըստ նրա՝ այս պահին «Այո»-ի և «Ոչ»-ի կողմերը հապաղում են, «Ոչ»-ի շտաբ այդպես էլ չձևավորվեց, կա միայն իրավաբանների խումբ, որոնք գործընթացին քաղաքական մոտեցում չեն ցուցաբերելու, քանի որ նրանց օրակարգն այլ է։ Ինչ վերաբերում է իշխանական ուժերին, ապա նրանք հույս են տածում, որ Սահմանադրական դատարանի վեց դատավորներ և նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական կտան և իրենք կձերբազատվեն սկսած բարդ գործընթացից։
Միևնույն ժամանակ՝ Նարինե Դիլբարյանը շեշտեց, որ այս հանրաքվեն, որտեղ դրված է անցումային դրույթներին վերաբերող հարցի փոփոխության առաջարկ, հարուցում է իրավական խնդիրներ, որոնք հանգուցալուծելը չափազանց բարդ կլինի, և հանրաքվեի հետ կապված «Ժառանգության» մտահոգությունները հիմնված են հենց այս փաստի վրա։
«Կարծում եմ, եթե անգամ ապահովվի բարձր լեգիտիմություն, այսինքն՝ հանրաքվեն ընթանա խիստ ժողովրդավարական և արդար, ապա, միևնույն է, այդ բարձր լեգիտիմությամբ դժվար կլինի հավասարակշռել այսպիսի հանրաքվեի իրավական լինելու հանգամանքը։ Ցանկացած հանրաքվեից հետո կարող են լինել բողոքող մարդիկ, որոնք բարձրացնում են ինչ-որ ընտրատեղամասերի խնդիր կամ հանրաքվեի իրավականության հարց։ Այս պարագայում, երբ կա իրավաբանների խումբ, իբրև «Ոչ»-ի շտաբ, որի հիմքում ընկած է իրավական գործողությունը, կարծում ենք, որ կարող են նախաձեռնել արդյունքների ստուգման գործընթաց, բայց հարց է առաջանում՝ որտե՞ղ են գնալու նրանց դիմում-բողոքները։ Եթե այս բողոքները գնան միջազգային ատյաններ, ապա Հայաստանը կհայտնվի ցնցումների, արդարացումների և տարբեր հանգամանքների որոնման մի անկայուն գործընթացում, որը միանշանակ վնասելու է մեզ՝ խանգարելու է գնալ այն ճիշտ ճանապարհով, որը նոր Սահմանադրություն մշակելն ու հանրաքվեի դնելն է»,- շեշտեց նա։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի արժանացել Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, Նարինե Դիլբարյանը նկատեց՝ այս ամենն ինքնին մտահոգիչ է, խնդիրը միայն Վենետիկի հանձնաժողովի հավանության արժանանալը չէ, նաև՝ հանրաքվեից հետո համապատասխան գնահատականների հնչելն է։
«Համոզված եմ, որ վարչապետը և իշխող թիմն այս հանրաքվեի արդյունքում, եթե ստանան անհրաժեշտ քվեն, ապա չեն ստանալու իրենց անհանգստացնող հարցերի պատասխանները, միանշանակ է, որ մենք չենք ունենալու այնպիսի Սահմանադրական դատարան, որը համապատասխանի մեր երազանքներին և, ամենակարևորը՝ լինի անկախ»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է հանրաքվեին մարդկանց մասնակցությանը, Նարինե Դիլբարյանը նշեց, որ այս պահին դժվար է ասել՝ մարդիկ ակտի՞վ կլինեն, թե՞ պասիվ։
«Տրամաբանությունը հուշում է, որ նման հատվածական հարցերը շատ դժվար է քաղաքական և հանրային մեծ հնչեղությամբ օժտելը։ Հիմա ժողովրդին խանդավառել և նրանց մղել դեպի ընտրատեղամասեր՝ բավականին դժվար կլինի, կպահանջվի մեծ ռեսուրս և ժամանակ, ինչը կարելի էր ուղղել իսկապես ժողովրդի կողմից ընդունելի Սահմանադրություն ունենալուն»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։