Ինչու բանկերը չդարձան տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը. վարկերը սպառնալիք են դառնում

Ներդրումների սակավության պայմաններում Հայաստանում ակնկալվող տնտեսական հեղափոխության հույսն իշխանությունը կապում էր բանկերի հետ։ Դեռ անցած տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հեղափոխության շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես՝ բանկերը՝ իրենց մատչելի վարկերով։

Բանկային համակարգում, վարչապետի հայտարարությունից հետո, վարկային ակտիվությունն իսկապես բարձրացել է։ Այլ հարց է, թե դա որքանո՞վ է կապված տնտեսական հեղափոխության ֆինանսավորման հետ։

Տնտեսական հեղափոխության մասին հայտարարելուց հետո տնտեսության իրական հատվածում բանկերի վարկային ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են։ Դա ակնհայտ է հատկապես արդյունաբերության դեպքում, որը, բնականաբար, ամենամեծ ներդրումը պիտի ունենար հեղափոխության գործում։

Բայց արի ու տես, որ տնտեսական հեղափոխության առաջին տարում արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումները կրճատվել են ավելի քան 33 մլն դոլարով։ Նախկին 517 մլրդ դրամից դրանք իջել են 501 միլիարդի։

Վարկային շուկայում իրավամբ ակտիվություն կա, բայց այն կապ չունի տնտեսական հեղափոխության հետ։ Մարդիկ այդ գումարները վերցրել են հիմնականում ոչ թե տնտեսական հեղափոխությանը մասնակցելու և տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ իրենց առօրյա խնդիրները լուծելու և կենցաղային կարիքները բավարարելու համար։

Թերևս, պատահական չէ, որ բանկերի վարկային ներարկումների գերակշիռ մասը գնացել է 2 ուղղությամբ՝ սպառողական և հիպոթեքի շուկա։ Առաջինն ավելացել է՝ շուրջ 215 միլիարդ, երկրորդը՝ 104 մլրդ դրամով։ Բայց ինչպես՝ սպառողական, այնպես էլ՝ հիպոթեքային վարկերը, այսպես ասած, չաշխատող վարկեր են։ Դրանք լրացուցիչ եկամուտ չեն բերում վարկառուին, ընդհակառակը՝ մի բան էլ մեծացնում են նրա ֆինանսական բեռը։ Այդպիսի վարկերի ավելացումը կարող է լինել տարբեր գործոնների հետևանք։

Ցանկացած պարագայում այն բացասաբար է ազդում սպառողների եկամուտների վրա։ Իսկ երբ եկամուտներն ավելի քիչ են աճում, քան վարկային բեռը, արդեն ռիսկ է։

Թերևս դա է պատճառը, որ վարկային շուկայում ակտիվություն կա, բայց այն սպառնում է պատուհաս դառնալ՝ ինչպես համակարգի, այնպես էլ՝ վարկառուների համար։

Նորություն չէ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը տառապում է վարկային բեռի տակ։ Բարձր են վարկերի տոկոսները, փոխարենը՝ ցածր են վարկառուների եկամուտները, ինչն էլ բարդություններ է ստեղծում՝ դրանց վերադարձելիության հետ կապված։ Առավել ևս, որ հաճախ մարդիկ վարկեր են վերցնում՝ առանց գիտակցելու դրանց իրական հետևանքները։

Այդ խնդիրն առկա է հատկապես, այսպես ասած, արագ վարկերի դեպքում։ Վարկային այս առաջարկը վերջին շրջանում շատ տարածված է և բարձր պահանջարկ ունի։

Դրանք այն վարկերն են, որոնք տրամադրվում են՝ առանց եկամուտների ուսումնասիրության, առանց երաշխավորի և գրավի։ Մեծ բան պետք չէ նման վարկ վերցնելու համար՝ անհրաժեշտ է ընդամենը անձը հաստատող փաստաթուղթ։ Դա նաև երկար սպասեցնել չի տալիս, ինչպես շատ այլ վարկերի դեպքում է։

Հաշվի առնելով այս հարաբերական առավելությունները՝ շատ-շատերը, առանց ծանութեթև անելու, շտապում են օգտվել նման առաջարկներից։ Արտաքուստ դրանք հեշտ հասանելի են, բայց միաժամանակ՝ շատ բարձր գին ունեն. տարեկան տոկոսադրույքը կարող է անցնել անգամ 100-150 տոկոսից։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի մեծ բեռ է նման վարկերի սպասարկումը։ Բայց կարիքից դրդված՝ մարդիկ շատ հաճախ ստիպված են լինում մտնել նման ծանրության տակ, ինչն էլ խնդիրներ է ստեղծում դրանց սպասարկման առումով։

Այս պայմաններում, երբ վարչապետն ասում է, որ վարկերի վերադարձման առումով իրավիճակը բարելավվել է, որովհետև բարձրացել է հասարակության վճարունակությունը, դա շատերի մոտ տարակուսանք է առաջացնում։ Հայտնի է, որ այդպես չէ։ Հաճախ մարդիկ ստիպված նոր վարկեր են վերցնում՝ հները սպասարկելու համար։ Սա վատ երևույթ է, որն ավելի է խորացնում ֆինանսական համակարգի խնդիրները։

Ընդդեմ վարկերի բարձր տոկոսների՝ Ազգային ժողովում վերջերս շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն։ Նախատեսվում է վարկային առավելագույն գին սահմանել։ Բայց դա չի կարող խնդրի լուծում լինել։ Ընդհակառակը՝ դրանով իրավիճակն է՛լ ավելի կսրվի, և ֆինանսական հարաբերությունները վերստին կմտնեն ստվեր։

Շուկայական գնագոյացման պայմաններում նման սահմանափակումների կիրառումը նպատակահարմար չէ։ Հատկապես որ, խնդիրը բոլորովին այլ դաշտում է։ Չկա բավարար մրցակցություն և բավարար առաջարկ։ Ժամանակի ընթացքում շուկան այն ինքնուրույն  կկարգավորի։

Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ են մարդիկ 100-150 տոկոսանոց վարկեր վերցնում։

Պատճառը ֆինանսական կարիքն է, որը ստիպում է մտնել նման բեռի տակ։ Դա ոչ մի կապ չունի վարկերի նկատմամբ հասարակության վճարունակության հետ։ Լավ օրից չէ, որ մարդիկ գնում են նման զոհողության։

Վարկային շուկայի առկա այս իրավիճակը առաջիկայում էլ ավելի է սրվելու, և ոչ միայն՝ հասարակության եկամուտների ու պահանջարկի միջև գոյացող անջրպետի հետևանքով։ Այլևս ակնհայտ է, որ մոտ ժամանակահատվածում չեն լուծվելու տրանսպորտային միջոցների շուկայում ի հայտ եկած խնդիրները։ Ավտոներկրողները հնարավորություն կունենան կուտակած մեքենաները միասնական տնտեսական տարածքում իրացնել ոչ շուտ, քան 2-3 տարի հետո։ Մինչդեռ այդ ընթացքում նրանք ստիպված են լինելու սպասարկել իրենց վարկերը։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ֆինանսական համակարգում, վկայում է, որ դա այդպես էլ չդարձավ տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը։ Անիմաստ է ընդհանրապես  խոսել մատչելի վարկերի մասին։ Վարկային բեռը Հայաստանում շարունակում է շատ ծանր լինել։ 2019թ. ընթացքում մինչև 1 տարի ժամկետայնության դրամային վարկերի գինը նվազել է ընդամենը 0,11 տոկոսային կետով։ Ահա սա է բանկային վարկերի էժանացման 1 տարվա արդյունքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս