Բաժիններ՝

Հանրապետության բոլոր ձու արտադրող ընկերություններում ստուգումներ են իրականացվում

168.am-ը փետրվարի 9-ին «Մինչև մի քանի մանկապարտեզի երեխա չթունավորվի, չեն հասկանա, թե ինչ է կատարվում. ո՞րն է ձվի գնի նվազման իրական պատճառը» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էր Հայաստանում ձվի գնի նվազմանը: Պատճառը սննդային ձվի գերարտադրությունն էր, որին և մեզ հետ զրույցում անդրադարձել էին  թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչները:

Փետրվարի 18-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են  մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի փետրվարի 19-ը, 20-ը, 22-ը:

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ ՍԱՏՄ այցերը շարունակակա՞ն են լինելու, բոլոր թռչնաբուծական ֆաբրիկաներո՞ւմ են ստուգումներ կատարում, թե՞ ոչ, և թարմությունը որոշելու նպատակով արդյո՞ք բոլոր ընկերությունների հավկիթներն են լաբորատոր փորձաքննության ուղարկվել:

«ՍԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները  հանրապետության բոլոր ձու արտադրող ընկերություններում: Ստուգումներ իրականացվում են: Մեր աշխատանքներն ընթանում են ՏՄՊՊՀ-ի հետ ակտիվ համագործակցությամբ: Իսկ լաբորատոր փորձաքննության ուղարկվում են միայն այն դեպքում, երբ խախտում է հայտնաբերվում: Այս պահին հրապարակվել են այն դեպքերը, որտեղ խախտումներ են հայտնաբերվել: Աշխատանքները շարունակվում են, և արդյունքները կհրապարակվեն»,- պատասխանեց Անուշ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս