Թռչնաֆաբրիկաների արձագանքը՝ շուկայում վաճառվող հին ձվի մասին խոսակցությունների վերաբերյալ
168.am-ը փետրվարի 9-ին «Մինչև մի քանի մանկապարտեզի երեխա չթունավորվի, չեն հասկանա, թե ինչ է կատարվում. ո՞րն է ձվի գնի նվազման իրական պատճառը» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էր, Հայաստանում ձվի գնի նվազմանը: Խոշոր թռչնաֆաբրիկաների արտադրության ձուն, նախկին 70 դրամի փոխարեն՝ արժե 50-53 դրամ, փոքր ֆերմաների արտադրած ձուն վաճառվում է 23-45 դրամով։ Պատճառը սննդային ձվի գերարտադրությունն է: «Արաքս» թռչնաֆաբրիկայի ձուն 23 դրամ է, «Աշտարակինը»՝ 26 դրամ: Հավկիթ «ԵԹՖ»-ն («Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն)՝ 43 դրամ:
«Արաքս» թռչնաֆաբրիկայի զարգացման գծով տնօրեն Մանուկ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 23 դրամի ձուն 00 կարգի է, ամենափոքր ձուն է, որը վաճառվում է 20 դրամով, ինչը լայն սպառում չունի, հիմնականում սպառվում է 01 կարգի ձուն:
«Մեր բացթողնման գները շատ ավելի բարձր են: Իհարկե, գնի որոշակի նվազեցում եղել է հունվար ամսին, մասնավորապես 01 կարգի ձվի մասով՝ 41 դրամից իջել է մինչև 35-36 դրամ: Ձվի տարբեր կարգեր կան, օրինակ՝ 03-ը մեզ մոտ եղել է 53 դրամ, նվազել է մինչև 45 դրամ, 02-ը 47 դրամ է եղել, իջել է մինչև 39-38 դրամ, 01-ը՝ 41-ից՝ 37-36 դրամ: Ես միջին գներն եմ ասում, դրանք կարող են մի փոքր տատանվել՝ կախված նրանից, թե ինչ ծավալի է այդ գնումը՝ շուկայի պայմաններում»,- պարզաբանեց Մանուկ Միքայելյանը:
Իսկ ինչ վերաբերում է գերարտադրությանը՝ թռչնաֆաբրիկայի զարգացման գծով տնօրենը պատասխանեց.
«Շուկայում արտադրության ծավալների աճ կա: Այս տարի ավելի շատ ձու է արտադրվել վերջին 3-4 ամսում, քան թե անցած տարի: Սակայն այն, թե հին ձու է շուկա դուրս գալիս, մեր ֆաբրիկայի մասով ես այդ հանգամանքը բացառում եմ, որովհետև մեզ մոտ շատ խիստ հետևում ենք այդ ամեն ինչին, ունենք սառնարանային տնտեսություն: Բացառում եմ, որ «Արաքս» թռչնաֆաբրիկայի կողմից հին ձու շուկա դուրս գա»:
Նրա խոսքով՝ այո՛, գերարտադրություն կա, որը բերել է գների որոշակի նվազեցման:
«Օրենսդրությամբ կան սահմանված հստակ չափանիշեր, ժամկետներ, թե ձուն քանի որ պետք է պահվի: Օրենքը թույլ է տալիս մինչև 25 օր ձուն պահել, իսկ սառնարանային տնտեսության պայմաններում՝ -2 -0 ջերմաստիճանի դեպքում, օրենսդրությունը թույլ է տալիս նաև երեք ամիս պահպանել: Մեզ մոտ նույնպես ձվի արտադրության ծավալների որոշակի աճ կա, եթե չեմ սխալվում՝ երեք տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, բայց էական ինչ-որ շեշտակի աճ մենք չենք ունեցել: Խնդիրն այն է, որ նաև մանր գյուղացիական տնտեսություններ են սկսել ձու արտադրել, և շուկայի հագեցվածությունը, ըստ էության, նաև դրանով է պայմանավորված»,- հավելեց «Արաքս» թռչնաֆաբրիկայի զարգացման գծով տնօրենը:
Մանուկ Միքայելյանը հավելեց նաև, որ 25 օրվա ընթացքում եթե կարողանում են իրացնել ձուն, իրացնում են, եթե ոչ, բնականաբար, հին ձուն շուկա չեն հանում:
«Աշտարակ ձու» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավար Արմեն Գալստյանն էլ հայտնեց, որ շուկայում ձվի գները խիստ տարբերվում են:
««Երևան Սիթիում», օրինակ, 27-30 դրամով է վաճառվում: Բայց ըստ կատեգորիաների՝ գները տարբերվում են: Որքան փոքր՝ այնքան էժան, որքան մեծ՝ այնքան ավելի թանկ: Հենց այս իրավիճակը գերարտադրության հետևանքով է: Մեր ֆաբրիկայում նույնիսկ դեկտեմբեր-նոյեմբեր ամիսների մեր արտադրությունը դրան համապատասխան կրճատել ենք, մոտավորապես կիսով չափ պակաս ենք արտադրում, քան արտադրել ենք նախորդ տարիներին»,- ասաց «Աշտարակ ձու» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարը՝ վստահեցնելով, որ իրենք շուկային միմիայն թարմ ձու են առաջարկում:
Հ.Գ. Ձվի շուկայում գերարտադրության և հնարավոր ռիսկերի վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնել նաև մյուս թռչնաֆաբրիկաների արձագանքը: