Բաժիններ՝

Մինչև մի քանի մանկապարտեզի երեխա չթունավորվի, չեն հասկանա, թե ինչ է կատարվում. ո՞րն է ձվի գնի նվազման իրական պատճառը

Հայաստանում ձվի գնի նվազում է գրանցվել: Խոշոր թռչնաֆաբրիկաների արտադրության ձուն, նախկին 70 դրամի փոխարեն՝ արժե 50-53 դրամ, փոքր ֆերմաների արտադրած ձուն վաճառվում է 23-45 դրամով։ «Արաքս» թռչնաֆաբրիկայի ձուն 23 դրամ է, «Աշտարակինը»՝ 26 դրամ: Հավկիթ «ԵԹՖ»-ն («Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն)՝ 43 դրամ:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ պատճառը սննդային ձվի գերարտադրությունն է:

Թռչնաֆաբրիկաներից մեկի նախկին սեփականատերն էլ, որի խնդրանքով անունը չենք հրապարակում, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ֆաբրիկաները 10-20 դրամով են ձուն դուրս գրում:

«Մինչև Սուրբ Զատիկ հին ձու է ժողովուրդն ուտելու, հիմա մենք ուտում ենք նոյեմբեր ամսվա ձու, գերարտադրություն է: Տարեկան օգտագործում ենք մոտ 600 մլն ձու, պատկերացրեք՝ օրը 300.000 ձու ավելի է արտադրվում ու բոլորի մոտ կուտակվում է: Հիմա հո չե՞նք կարող մեր երեխեքին ծեծել, որ շատ ձու ուտեն: Պահեստավորված էլ կա, սա վտանգավոր է, լուրջ խնդիր է դառնալու, երբ օրերը տաքանան»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ո՞րն է գերարտադրության պատճառը, պատասխանեց.

«Բա մենք հայ ենք, այնպես չանե՞նք, որ իրար խանգարենք: Հիշում եմ՝ 90-ականներին էլ բոլորս օղի էինք փակում, ուղարկում Ռուսաստան: Ամեն դեպքում, եթե ձվի ավելցուկ է, ուրեմն կուտակում կա: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է ձվի պահպանման ժամկետը. 25 օր է:  Հիմա պետք է ՍԱՏՄ-ն մտնի ֆաբրիկաներ ու տեսնի՝ մակնշում կա՞: Եթե ամսաթիվ չկա, ապա դա քրեական գործ է: Ամբողջ աշխարհում գոմից դուրս գալու պահին ամսաթիվը խփում են ձվի վրա, քանի որ ժամկետ ունեցող ապրանք է:

Հետո թե ի՞նչ բրենդի կլինի կնիքը, դա արդեն հաջորդ հարցն է: Թող մտնեն ֆաբրիկաներն ու պահեստավորված ձվերը ստուգեն, հանձնաժողով ստեղծեն, մտնեն հավերը հաշվեն: Մինչև մի քանի մանկապարտեզի երեխա չթունավորվի, չեն հասկանա, թե ինչ է կատարվում: Պետք է  տեսնեն՝ պահեստում առկա ձուն մակնշվա՞ծ է, ո՞ր օրվա արտադրանք է, թե չէ պահեստում ձուն կարող է մնալ, վաճառելու օրը  նոր մակնշում լինի: Այսինքն, նոյեմբերի ձվի վրա կարող են խփել փետրվարի չգիտեմ թե որ օրը, ինչը դավադրություն է»:

Կապ հաստատեցինք նաև ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, որը պնդեց՝ շուկայում հին ձու հայտնվել չի կարող:

«Այնուամենայնիվ, եթե հայտնաբերենք, որ կա ձու, որի վրա կեղծ  մակնշում է  արված, այդ ֆիրման, իհարկե, լուրջ խնդիրներ կունենա: Այս պահի դրությամբ գերարտադրության վերաբերյալ ինֆորմացիա կա, բայց դեռևս գոնե  մեկ բողոք չենք ստացել, որ ինչ-որ մեկը ձվի հետ կապված խնդիր է ունեցել: Մենք ունենք կոնկրետ ծրագիր, բողոքի հիման վրա կատարվող ստուգումներ, շրջայցեր և մոնիտորինգ: Քանի դեռ չունենք կոնկրետ բողոք, ուղղակի  գնալու իրավունք չունենք, իսկ շրջայցը մեզ ստուգման հնարավորություն չի տալիս, ստուգաթերթով պետք է գնաս»,- պարզաբանեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս